Շառլ Ազնավուրը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի հետ
Հունիսի 12-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարության մամուլի,տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի միջև համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարևորել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երևանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանը ընդգծել է նաև այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:
Գուտյերեսը նշել է իր և գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում և հաստատել իր ղեկավարած գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում:









