Մայիսյան հաղթանակներից հետո Շահումյանի անկումը սառը ցնցուղ էր հայկական կողմի համար. Վարդան Դևրիկյան

15:39 • 13.06.12

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի

 

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը հայկական կողմի քաղաքականությունը` չխոսել պարտությունների մասին, ճիշտ չի համարում, բայց դրա հետ միաժամանակ, համոզված է, որ պետք չէ պարտության համար մեղավորներ փնտրել. այս մասին արցախյան ազատամարտի մասնակիցն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Եթե հաղթանակների ժամանակ բոլորը փորձում են այն վերագրել իրենց, ապա պարտությունների ժամանակ, օրինակ, Շահումյանի անկումը փորձեցին գցել մեկը մյուսի վրա, ինչից տուժեց միայն ինքնապաշտպանությունը»,- 20 տարի անց հետհայացք նետելով հունիսի 13-ի՝ ադրբեջանական ուժերի կողմից երկու օրում բռնազավթած Շահումյանի դեպքերին, ասաց Վարդան Դևրիկյանը:


Ազատամարտիկը հիշում է.«Շահումյանի անկումը սառը ցնցուղ էր հայկական կողմի համար, հատկապես, մայիսյան հաղթանակներից հետո, երբ Շուշին այդպես մեծ ոգևորությամբ ազատագրեցինք: Երկու օր տևեց Շահումյանի անկումը, բայց ինչքան որ այն ողբերգական էր, առավել սոսկալին եղավ այն, որ այդ դեպքը քանդեց ճակատի գիծը, և եթե հիշում եք, ամբողջ Մարտակերտի կեսը ընկավ՝ գրեթե առանց կռվի: Դա ուղղակի առեղծվածային մի բան էր, որ մինչև հիմա գաղտնիք է մնում, թե ինչպե՞ս եղավ, որ մայիսյան փայլուն հաղթանակներին հաջորդեց անկումը»:


Բայց սրանով հանդերձ, ըստ Դևրիկյանի՝ սխալ է տվյալ պարտությունը համարել քաղաքականության հետևանք, քանի որ, ըստ նրա, արվեց այն՝ ինչ հնարավոր էր անել:


«Իրական պատճառը՝ գլոբալ քաղաքականության հետ պետք չէ կապել, ուղղակի նրանք զինտեխնիկայի մեծ քանակ ունեին, իսկ մենք դեռևս կռվում էինք ջոկատային համակարգով: Շահումյանից հետո արդեն ջոկատայինը վերափոխվեց բանակային ճակատի, քանի որ հասկացան, որ ջոկատային ուժերով գիծ չեն կարողանում պահել»,-ասաց նա:


Այն հայտարարությունները, թե 1994 թվականից հետո, երբ հայկական կողմի առաջխաղացումը կասեցնել հնարավոր չէր և այդ իրավիճակում հայերին ուղղակի արգելվեց Շահումյանը ետ վերցնել, Վարդան Դևրիկյանը ոչ իրատեսական է համարում: «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մինչև զինադադարը հնարավոր առավելագույնն արվել է: Եվ երբ մի քանիսը հայտարարում են, թե ինչի՞ առաջ չգնացինք, պետք է նրանց բացատրել՝ դուք էլ գայիք, կանգնեիք, առաջ գնայինք, երբ հերթափոխ չկար, այդ վիճակում պահելը և հաստատվելն արդեն հրաշք էր»,- ասաց ազատամարտիկն ու ավելացրեց,- «Եթե ասում են, թե զիջողություն են արել քարոզչության համար ընդունելի է, իսկ ներքին կյանքում պետք չէ թույն ներարկել»:


Եզրափակելով իր խոսքը Վարդան Դեվրիկյանը շեշտեց՝ Շահումյանը պետք է անվերապահորեն ընկած լինի ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հիմքում, ինչը, սակայն, չի արվում: