Մինչև հայաթափումը Շահումյանի շրջանը ներծծված էր հայկական մշակույթով. Սամվել Կարապետյան

19:12 • 13.06.12

Շահումյանի շրջանը՝ մինչև 1992 թվականը՝ շրջանի բռնազավթումն ու հայաթափումը՝ ներծծված էր հայ մշակույթով. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:


Բանախոսը նաև վստահ է, որ հայկական հուշարձաններն, ամենայն հավանականությամբ, այլևս ոչնչացված են.«Հայկական մշակույթի փոշիացումը կանխատեսելի է, գերազմանոցները ու այն ամենը ինչ հայկական է՝ ոչնչացվել են, բայց կամուրջները չեն քանդում, միայն դրանց արձանագրություններն են վերացնում, ապա շարունակում օգտագործել»,-տեղեկացրեց հուշաձանագետը:


Սամվել Կարապետյանը Շահումյանի պատմամշակութային հուշարձաններից բերում է Սևջուր գետի վրա կառուցված կամրջի օրինակը, որին ժողովուրդը «Խռոված» անունն է տվել.«Խռոված էին ասում, քանի որ գետը հունը փոխել էր, իսկ կամուրջը հայտնվել էր գետի ափին»,-բացատրում է նա:


Սամվել Կարապետյանը վերջին անգամ Շահումյանի բոլոր գյուղերում եղել է 1989 թ-ին, իհարկե, դա մասնագիտական այցելություն էր, որը նա հիշում է որպես մխիթարություն: Հենց այդ այցելությունների ժամանակ ուսումնասիրած հայկական հուշարձանների մասին էլ նախատեսել է գիրք հրապարակել:«Այսօր ցավոք այդ աշխատությունը չունենք սեղանի վրա, բայց շուտով կլինի այն՝ նվիրված միայն Շահումյանի շրջանի բոլոր հուշարձաններին»,-տեղեկացրեց հուշարձանագետը:


Ամփոփելով իր ասելիքը՝ Կարապետյանը նշեց, որ այսօր մեր քարոզչությունը պետք է ուղղենք միմիայն հայրենքի ճանաչողությունը:«Եթե մենք խորապես ճանաչենք մեր հայրենիքը, թիզ առ թիզ, ուղղակի բացառված կլինեն այդպիսի կորուստներն ապագայում, բայց քանի որ մենք վատ ենք ճանաչում մեր հայրենիքը, զլանում ենք ճանաչել, կորուստները մեզ միշտ կհետապնդեն»,-եզրափակեց Սամվել Կարապետյանը: