Ոստիկանությունը սկսել է հատուկ ազդանշաններով մեքենաները տուգանային հրապարակ տեղափոխելու գործընթացը
Հունիսի 11-12-ին միայն մայրաքաղաքում Ճանապարհային ոստիկանության հատուկ տարածք է տեղափոխվել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող 4 մեքենա, և ևս 9 մեքենա՝ հատուկ խլացուցիչներով, որոնք երթևեկելիս բարձր ձայն են հանում: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ 4 օր առաջ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ որում նշվում էր, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը երթևեկության կազմակերպման և կուլտուրայի կարևոր բաղադրիչներն են բայց, ցավոք, նաև օրենսդրության այս պահանջը երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:
«Հատկապես մայրաքաղաքի փողոցներւմ հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը»,- մասնավորապես ասվում էր հայտարարության մեջ:
Հայտարարությունից տեղեկանում էինք նաև, որ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետևողական լինել նման խախտումների նախականխման և հայտնաբերման ուղղությամբ:
Ոստիկանությունը զգուշացրել էր նաև, որ ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ոստիկանությունից մեզ հավաստիացրին նաև, որ այս գործընթացը շարունակական է լինելու:









