Ժամանակն է միախմբվել, մեր նպատակը սա է, տղե՛րք. կոչ է անում գլենդելահայը

13:39 • 13.06.12

Գլենդելահայ, «Հայտուն» հեռուստանախագծի տնօրեն Համլետ Ներսիսյանը, ով այժմ գտնվում է Հայաստանում, այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոսեց Միացյալ նահանգներում հայ համայնքի դերակատարության, հայրենիքի հետ ունեցած կապի, կատարած աշխատանքի և արդյունքների մասին:

 

Բանախոսը նախ խոսեց Հայաստանում առկա իրավիճակի մասին, ընդգծելով, թե բոլորն էլ տեսնում են, որ երկրում կան սոցիալական լուրջ խնդիրներ, որոնք շտապ լուծում են պահանջում:

 

Այն տեսակետը, թե սփյուռքը երես է թեքել հայրենիքից, գլենդելահայը ոչ ժխտում, ոչ էլ հաստատում է.«Եթե երկիրը սոցիալական խնդիրներ ունի, հետամնաց երկիր է, ապա բնական է, որ մարդը ներդրումների համար կնախընտրի ապահով տեղ: Հայրենիքի նկատմամբ հավատը կորել է, որովհետև շատերը եկան, կորցրին իրենց դրամները: Նրանք կվերադառնան այն ժամանակ, երբ նորից երկիրը կդառնա ապահով, գուցե՝ մեկ տարի հետո»:

 

Այս ամենով հանդերձ, Համլետ Ներսիսյանը համոզված է, որ առկա դժվարությունները կհաղթահարվեն ու մենք արդյունքի կհասնենք, եթե լինի միասնականություն.«Ժամանակն է միախմբվել, մեր նպատակը սա է, տղե՛րք, կենտրոնանանք և գնանք այդ ուղղությամբ»,-հայտարարեց գլենդելահայ մեր հայրենակիցը:

 

Վերջինս նկատեց, թե ամերիկահայերը բոլորն էլ հայրենասերներ են.«Այն հայը, ով ոտքը դուրս է հանում հայրենիքից՝ դառնում է հայրենասեր»,-նշում է բանախոսն ու թվարկում նրանց ջանքերը, օրինակ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

 

Բանախոսը չմոռացավ խոսել նաև սեփական հեռուստանախագծից՝ նշելով, որ իրենք փորձում են հայ հեռուստադիտողին տալ այն, ինչ մյուսները չեն տվել՝ պատմամշակութային, գիտական, որոշ չափով էլ քաղաքական հաղորդումներ: «Հաղորդումների բովանդակային շեշտը դրված է հայ ժողովրդի պատմության և մշակույթի վրա»,-տեղեկացրեց Համլետ Ներսիսյանը: