Լոս Անջելեսում հայկական հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Լոս Անջելեսի Վան Նիս թաղամասում հարսանեկան բանկետի ժամանակ ձերբակալվել է հյուրերից մեկը՝ Կարպիս Թերմանձյանը, հայտնում է Glendale News-Press-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել հարսանյաց սրահում սկսված զանգվածային ծեծկռտուքից հետո:
Թերմանձյանին ծեծի և վանդալիզմի մեղադրանքներ են ներկայացվել:
Ծեծկռտուքին ավելի քան 100 մարդ է մասնակցել հայկական համարվող Dream Palace հարսանյաց սրահում: Ոստիկանությունը ժամանել է՝ ականատեսներից զանգեր ստանալով:
36-ամյա Թերմանձյանին ձերբակալել են ոստիկաններից մեկի վրա թքելու, նրա մեքենային ոտքով հարվածելու, ևս երկուսին հրմշտելու համար: Նրան ազատ են արձակել գրավի դիմաց:
Եվս մեկը՝ 22-ամյա Սպարտակ Կարապետյանը, ում ձերբակալել էին հասարարական վայրում հարբած վիճակում հայտնվելու համար, ազատ է արձակվել: Հենց նա է սկսած եղել կռիվը, սակայն մանրամասները անհայտ են մնում, քանի որ հարսանքավորները հրաժարվել են ոստիկաններին մանրամասներ պատմել: Նրանք հրաժարվել են նաև բուժօգնությունից և մեղադրանքներ ներկայացնելուց: Ոստիկանները չեն կարողացել կապվել նաև հարսանյաց սրահի ղեկավարության հետ:
Արյունոտ վերնաշապիկով մի 27-ամյա հայ երիտասարդ, ոստիկանների հարցապնդմանն ի պատասխան, ասել է, թե գլուխն աթոռին է հարվածել: Նա միակ արնաթաթախ հարսանքավորը չի եղել:
Ըստ ականատեսների՝ կռվի բռնված մարդիկ նաև դանակներ են բանեցրել:









