Իրավական կազուս՝ ԱԺ ընտրությունների հետևանքով
Հայաստանի Վերահսկիչ պալատը (ՎՊ) օրենքի որևէ խախտում թույլ չի տվել՝ 2011 թվականի ՎՊ-ի տարեկան հաշվետվությունը տեղադրելով իր կայքում. այս մասին Tert.am-ին հայտնեց ՎՊ մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը:
Հիշեցնենք, որ օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, թե ՎՊ-ն իր կայքում «թաքուն» տեղադրել է պալատի նախորդ տարվա տարեկան հաշվետվությունը՝ առանց Ազգային ժողովում քննարկում կազմակերպելու:
Տեղեկացնենք, որ ՎՊ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, տարեկան հաշվետվությունը նախ քննարկվում է ԱԺ-ում՝ առանց որոշում ընդունելու, որից հետո միայն տեղադրվում ՎՊ պաշտոնական կայքում:
Մեզ հետ զրույցում, ՎՊ մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը հղում արեց Վերահսկիչ պալատի մասին օրենքի 20-րդ հոդվածին նշելով, որ ՎՊ տարեկան և ընթացիկ հաշվետվություններն ու եզրակացությունները ՎՊ խորհրդի կողմից հաստատվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում ներկայացվում են ԱԺ՝ դրա մասին սահմանված կարգով տեղեկացնելով ՀՀ նախագահին ու կառավարությանը, ինչպես նաև, 30 օրվա ընթացքում դրանք տեղադրում են ՎՊ-ի կայքում:
Այսինքն, ըստ ՎՊ մամուլի քարտուղարի, օրենքի պայմանները կատարված են՝ տարեկան հաշվատվությունը ներկայացված է ԱԺ: Վարդանյանը խորհուրդ տվեց մնացած հարցերը ճշտել ԱԺ-ից: Վերջինս միաժամանակ հավելեց. «Հիշեցնեմ, որ ՎՊ տարեկան հաշվետվությունն, ընդամենը, տարվա ընթացքում հաստատված ընթացիկ հաշվետվությունների ամփոփումն է»:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլից սկսած՝ ապրիլի սկզբներից, ԱԺ-ում նիստեր չէին գումարվում՝ քվորումի բացակայության պատճառով:
Հավելենք նաև, որ ԱԺ քառօրյայի օրակարգում հայտնվելուց առաջ որևէ նախագիծ, հարց կամ հաշվետվություն, անկախ նրանից՝ բացասակա՞ն, թե՝ դրական եզրակացությամբ, պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում. տվյալ դեպքում, ՎՊ հաշվետվության համար գլխադասայինը ԱԺ ֆինանասավարկային և բյուջատային մշտական հանձնաժողովն է:
Այս հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Tert.am-ին հետ զրույցում հայտնեց, որ իրենց հանձնաժողովում չի քննարկվել ոչ միայն ՎՊ, այլև պետական բյուջեի նախորդ տարվա հաշվետվությունը:
«Դուք բարձրացնում եք հարց, որի պատասխանը ակնհայտ է. օրենքները, որոնք կարգավորում են ընտրությունների ժամկետները, հնարավորություն չեն տալիս, որ ընտրություններից առաջ գարնանային նստաշրջանի վերջին նիստերը լիարժեք կայանան»,-ասաց Մինասյանը:
Վերջինս նաև հավելեց, որ այս հարցը կարգավորելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որոնցով Հայաստանում շուրջ երկու ամսով կհետաձգվեին ընտրությունների անցկացման ժամկետները: Այսինքն՝ խորհրդարանական ընտրությունները նշանակվեին ոչ թե մայիսին, այլ հուլիսին:









