Նախորդ տարվա համեմատ Արցախում 40 %-ով աճել է զբոսաշրջությունը. Սերգեյ Շահվերդյան
Նախորդ՝ 2011թվականի համեմատությամբ, այս տարի զբոսաշրջությունն Արցախում ավելի քան 40 % աճ է արձանագրել, ինչն, ի դեպ, դեռ վերջնական տվյալ չէ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
«Շատ կարևոր և ոգևորող է այն հանգամանքը, որ տուրիզմն Արցախում տարեցտարի զարգանում է, նախորդ տարվա այս ամիսների համեմատությամբ, կարող ենք փաստել, որ տուրիզմը 40 %-ով աճ է արձանագրում Արցախում, ինչը դեռ աճելու միտում ունի»,-նկատեց Ս. Շահվերդյանը:
Իսկ ի՞նչն է գայթակղում Արցախ այցելող զբոսաշրջիկներին, ի պատասխան մեր հարցին տուրիզմի վարչության պետն ասաց, որ զբոսաշրջիկները նախ և առաջ գոհունակություն են հայտնում տեղի բնակչության ջերմ ընդունելությունից.«Մարդիկ գոհ են մնում տեղի բնակիչների վերաբերմունից, և նշում են, որ Արցախում շատ բարեհամբույր են իրենց նկատմամբ»:
Հարցին, թե զբոսաշրջիկներն Արցախում հիմնականում ո՞ր վայրերն են նախընտրում այցելել, Սերգեյ Շահվերդյանն ասաց. «Գանձասար, Տիգրանակերտ (վերջերս Արցախում՝ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված հայոց Տիգրան Մեծ արքայի կառուցած Տիգրանակերտ քաղաքներից մեկը-Tert.am ), Արաքսի հովիտ և էլի շատ ու շատ զարմանահրաշ պատմական վայրեր, որոնցով լի է հայոց Արցախը»,-տեղեկացրեց Սերգեյ Շահվերդյանը:
ԼՂՀ տուրիզմի վարչության պետը նշեց նաև, որ Արցախում այս պահին կա 33 հյուրանոցային վայր, որոնց մեջ են մտնում թե՛ հյուրանոցային համալիրները, թե՛ իջևանատները, թե՛ զբոսաշրջային բնակատեղիները:










