«Գաբմաս» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում ավտովթարի է ենթարկվել (լուսանկարներ)

13:28 • 14.06.12

Երեկ՝ հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Մուշեղ Խաչատրյանը, վարելով «Ֆորդ Կոսվորտ» մակնիշի 33 LT 548 համարանիշի ավտոմեքենան, Երևանի Մոլդովական 2-րդ շենքի դիմաց դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել է Նորայր Ղարիբյանի վարած «Սամանդ» մակնիշի Տ2268 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ն. Ղարիբյանն ու Մ. Խաչատրյանը տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:


Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Մ. Խաչատրյանը աշխատում է «Գաբմաս» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ Ն. Ղարիբյանի վարած ավտոմեքենան պատկանում է «Մարկիզ Շիկ» ՍՊԸ-ին:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:


Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Խաչատրյանը գտնվում էր ոչ սթափ վիճակում: Ավագ քննիչ Մ Մուրադյանի կողմից նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն (որպեսզի պարզվի սթափության աստիճանը):

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի