Ադրբեջանցի հաքերները սպանված ազերի զինվորների փոխարեն կոտրում են հայկական կայքերը. Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանցի հաքերներն երեկ կոտրել են մի քանի հայկական կայքեր՝ armenpress.am, beeline.am, blognews.am և arcaxbusiness.am: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սա պատասխանն էր մեր բանակի վերջին օրերի գործողություններին: Ոչնչացված ադրբեջանցի դիվերսանտների փոխարեն փորձ է արվում վնասել հայկական կայքերը:
«Ազերի հաքերները փորձում են «բարոյական հաղթանակներ» ունենալ: Սա կարելի է համարել ռազմական գործողությունների շարունակություն` քարոզչական դաշտում: Միշտ այդպես է, երբ ֆիզիկապես պարտվում են, ձգտում են ինչ-որ ձևով բավարարվածություն ստանալ` գոնե բարոյական: Հետո ֆորումներում կգրեն՝ ապրեն մեր տղերքը, հայկական կայքեր կոտրեցին»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին և 5-ին ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողություններ էր իրականացրել, ինչի հետևանքով ըստ պաշտոնական տեղեկատվության զոհվել էին երեք հայ և հինգ ադրբեջանցի զինվորներ:
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հայկական կոտրված կայքերում ադրբեջանցի հաքերները տեղադրել էին իրենց զոհված հինգ զինվորների լուսանկարները և չինարեն ինչ-որ բաներ գրել:
«Թե ինչու էին հենց այդ լեզվով գրել, այդպես էլ գաղտնիք մնաց: Սա էլ երևի նոր ձև է»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ինչու են ադրբեջանցիները կոտրել հենց վերոնշյալ կայքերը, Սամվել Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ այս պարագայում նրանց համար կարևոր են ոչ թե կայքերը, այլ՝ փաստը:
Անդրադառնալով հայկական հաքերային խմբերին, նա նշեց, որ մերոնք հազվադեպ են այդ տիպի միջոցների դիմում:
«Շատերին թվում է, թե դա թույլ լինելու նշան է, բայց մենք էլ ունենք մասնագետներ, որոնք կարող են մեծ թվով ադրբեջանական կայքեր կոտրել: Բայց դա ոչ մի խնդիր չի լուծում: Դա զուտ բարոյական բավարարվածություն ստանալու միջոց է, բայց մերոնք այդ խնդիրը չունեն, բարդույթներով չեն տառապում: Մերոնք պատահում է, որ ավելի լուրջ բաներ անեն՝ օրինակ ինչ-որ տվյալներ գողանան: Դրանք ավելի քիչ են արվում, ավելի դժվար են, բայց ավելի լուրջ ազդեցություն են ունենում »,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ հայ հաքերները կարողացել էին կոտրել Ադրբեջանցի այն լրարգրողների նամակագրությունը, որոնք հենց ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչներ էին և հրապարակել էին դրանք: Հրապարակումն, ըստ Մարտիրոսյանի, օգնել է բացահատել մի շարք հանգամանքներ՝ կապված Ադրբեջանի այդ կարգի աշխատանքների հետ:
Հարցին, թե ինչքանով են պաշտպանված Հայաստանի առավել կարևորություն ներկայացնող կայքերը, տեղեկատվականանվտանգության հարցերով փորձագետը նշեց, որ պետական կայքերը պաշտպանվում են Ազգային անվտանգության ծառայության կողմից, իսկ բանկային ոլորտում՝ յուրաքանչյուրն ինքն է պաշտպանում իր կայքը:
«Մնացած բոլոր կայքերի պաշտպանությունը կախված է իրենց տերերից: Բայց շնորհիվ ադրբեջանական հաքերների մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց կայքի անվտանգությանն ու պաշտպանվածությանը: Այս առումով ադրբեջանցիները «բարի» գործ են կատարում»,-եզրափակեց փորձագետը:









