Ադրբեջանցի հակերները կոտրել են մանկավարժականի կայքը և խոստացել, որ հաջորդը լրատվական գործակալություններ են լինելու

04:06 • 14.06.12

Ադրբեջանցի հակերները կոտրել են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքը և ադրբեջանական դրոշ փակցրել այնտեղ ու գրառում արել: Այն ի դեպ կոնկրետ հասցեատեր ունի: Ադրբեջանցիներին թերևս զայրացրել է նախօրեին հայկական կայքերի վրա արձանագրված հակերային հարձակումների վերաբերյալ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ մամուլին տված մեկնաբանությունները:


Մարտիրոսյանին, մասնավորապես, տարօրինակ էր թվացել այն, որ ադրբեջանցիներն այս անգամ կայքերը կոտրելով ինչ-որ չինական տեքստեր էին գրել:
 

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիներն իրենց համար թիրախ էին ընտրել armenpress.am, beeline.am, blognews.am և arcaxbusiness.am կայքերը:


Սամվել Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ադրբեջանցիների այս ակցիան կապել էր հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի տված կորուստների հետ: «Ազերի հաքերները փորձում են «բարոյական հաղթանակներ» ունենալ: Սա կարելի է համարել ռազմական գործողությունների շարունակություն` քարոզչական դաշտում: Միշտ այդպես է, երբ ֆիզիկապես պարտվում են, ձգտում են ինչ-որ ձևով բավարարվածություն ստանալ` գոնե բարոյական: Հետո ֆորումներում կգրեն՝ ապրեն մեր տղերքը, հայկական կայքեր կոտրեցին»,- ասել էր Ս.լ Մարտիրոսյանը:

Ի դեպ ադրբեջանցի հակերները Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքում արված գրառումով հայտարարել են, որ հաջորդ նպատակակետը լինելու են հայկական մի քանի լրատվական գործակալություններ: