Կբարձրանա՞ ցեմենտի գինը

11:43 • 14.06.12

Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանն երեք օրով է դադարեցրել է իր աշխատանքը, պատճառները տեխնիկական են: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Արարատ ցեմենտի հետ կապված որևէ խնդիր չկա:Ես, իհարկե, հասկանում եմ, որ ամառվա այս օրերին թեմաների սակավությունն ստիպում է լրատվամիջոցներին ամենուր, նույնիսկ այնտեղ, որտեղ որևէ քաղաքական կոմպոնենտ փնտրելն ուղղակի մեծ երևակայության դեպքում հնարավոր չէ` փորձել նման բան պեղել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

ԲՀԿ-ական պատգամավորն հավելեց, որ առաջիկա օրերին գործարանն իր ողջ ներուժով աշխատելու է «և որևէ մեկը աշխատանքից ու աշխատավարձից չի զրկվել: Կրկին խորհուրդ եմ տալիս՝ այլ ոլորտներում սենսացիաներ որոնել »:Հիշեցնենք, որ երեկվանից Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը դադարեցրել էր իր աշխատանքը: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս հայտնել էր, որ գործարանն անպայման աշխատելու է ու պետք չէ քաղաքականացնել պարապուրդը:

 

Նշենք, որ Արարատի ցեմենտի գործարանն ունի շուրջ 1000 աշխատող: «Multi group» կոնցեռնի նախագահ ՍեդրակԱռուստամյանի հեռախոսին պատասխանած օգնականը Tert.am –ին առաջարկեց պարապուրդի տեխնիկական պատճառների, ինչպես նաև հարցին, թե պարապուրդը հնարավո՞ր է ազդի ցեմենտի գնի բարձրացման վրա, ավելի ուշ ճշտել` անձամբ Առուստամյանից: