Ռուսաստանում վարկի մարումն ուշացնող Քաթայանին բանկի աշխատողը խորհուրդ է տվել սպանել ընտանիքին ու ինքնասպան լինել
ՌԴ Նիժնի Տագիլի վարկառու բնակիչ Թորուն Քաթայանին, ով 2 ամիս ուշացրել է վարկերի մարումը, բանկի (անունը չի նշվում) աշխատակցուհին խորհուրդ է տվել սպանել կնոջն ու երեխաներին, այնուհետ ինքնասպան լինել: Հակառակ դեպքում` նա խոստացել է Քաթայանի կյանքը դժոխքի վերածել: Հեռախոսային սպառնալիքների մասին 45-ամյա զոդող Քաթայանը պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին:
Նրա խոսքով` ինքը 2011թ.-ի նոյեմբերին բանկից վերցրել է մոտ 600.000 ռուբլի ընդհանուր գումարի 2 սպառողական վարկ (200 և 300 հազ ռուբլու) և 75.000 ռուբլու վարկային քարտ: Այս գումարով երեք երեխաների հայրը (11 ամսական, 3 և 7 տարեկան) նորոգել է տունն ու կենցաղային տեխնիկա գնել: Յուրաքանչյուր ամիս նա վճարել է մոտ 25 հազ ռուբլի: Սակայն փետրվարին տղամարդն աշխատավայրում կոտրել է ոտքի մատը և դարձել ժամանակավոր գործազուրկ, իսկ ապրիլից ընդհանրապես ազատվել աշխատանքից և, բնականաբար, չի կարողացել մարել վարկերը` կուտակելով պարտքեր: Չնայած Քաթայանը խնդրել է 2 ամսով երկարաձգել իր վճարը, սակայն բանկը մերժել է:
Տղամարդը պատմել է, որ այդ պահից ի վեր նա ստանում է հեռախոսային սպառնալիքներ. սկզբում սպառնացել են իր դպրոցահասակ երեխային հեռացնել դպրոցից, այնուհետ խոստացել փողոցներում կախել իր լուսանկարները:
Շուտով գործը հասել է նաև ավելի լուրջ սպառնալիքներին: Նրանց տուն է զանգահարել բանկի իրավաբանը, ներկայացել Լարիսա և խորհուրդ տվել. «Վերցրո’ւ դանակը, Թորո'ւն, ու մորթի'ր կնոջդ ու երեխաներիդ, այնուհետ կախվիր, որովհետև վաղվանից քո կյանքը կվերածվի դժոխքի»:
Հաջորդ անգամ Լարիսան արդեն սպառնացել է Քաթայանի կնոջը` Սուսաննային, որ կառևանգի նրանց փոքր երեխային և կվաճառի նրա օրգանները: Նա նույն` զավակներին մորթելու «խորհուրդը» տվել է նաև կնոջը:
Հուսահատ տղամարդուն այլ բան չի մնացել, քան ձայնագրել ամենը ձայնագրիչի վրա ու հանձնել դատախազությանը, ինչից հետո հեռախոսային «տեռորը» դադարեցվել է: Քաթայանին է զանգահարել նաև բանկի գործադիր տնօրենի տեղակալը, ներողություն խնդրել ու հայտնել, որ իրենց աշխատակիցը կպատժվի:









