«Մագա դանս» պարի համույթի ղեկավարի մահվան պատճառ դարձած ավտովթարի հեղինակ վարորդը կալանավորվեց և տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ

21:52 • 14.06.12

Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց դռնփակ դատական նիստ:


Ինչպես դատարանից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից նշված դատարան էր տեղափոխվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը:


Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան՝ որպեսզի Ռոման Հակոբյանի նկատմամբ դատարանը կայացնի երկամսյա խափանման միջոց՝ կալանք:


Ինչպես ավելի վաղ Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Ռոման Հակոբյանը աշխատում է «ԴԱՎԻԵԼ ՌԵԼԻ» անշարժ գույքի գործակալությունում որպես տնօրեն: Վերջինս հունիսի 13-ին, վարելով «ԲՄՎ» մակնիշի 33LD321 համարանիշի ավտոմեքենան, Խանջյան փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18–ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր-Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել էին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ բոլոր վիրավորները պարողներ էին։ Իսկ ավելի ուշ հիվանդանոցի մոտ Գ. Շամշյանին պատմել էին, որ մահացածը հայտնի պարուսույց, «Մագա-դանս» պարի համույթի ղեկավար 27-ամյա Մարգարիտա Գիլարյանն էր։


Դատավոր Գայանե Կարախանյանը դռնփակ դատական նիստը անցկանելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը:  


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի