Դիմորդներն հայերենից առաջադիմել են, ռուսերենից՝ հակառակը
Վաղն Հայաստանի դիմորդները քննություն կհանձնեն «օտար լեզու» առարկայից: Այս տարի քննական առարկաների ցանկում ռուսերենն առաջին անգամ է ներառված որպես օտար լեզու
Այսօր արդեն, Գիտելիքների թեստավորման կենտրոնն ամփոփել էր նաև, «Հայոց լեզու և հայ գրականություն» գրավոր քննության ընդհանուր միջին գնահատականը, որն այս տարի նախորդ երեք տարիների համեմատ բարձր է: Այսպես. եթե 2009-2010-2011 թթ. այս առարկայից միջին ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 11.4, 11.4, 12.88, ապա այս տարի՝ 13.9 է հասել :
Ինչպես Tert.am –ին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, նախանցյալ տարի հայերենից ընդամենը երկու դիմորդ էր ստացել 20 միավոր, այս տարի՝ 200-ը:
Փոխարենն, արդեն ամփոփված ռուսերենի միջին միավորը իջել է շուրջ 2 նիշով. 2009, 2010, 2011թթ. եղել է համապատասխանաբար 12.3, 11.2, 10.58, իսկ այս տարի՝ 10.3:
Ի պատասխան այն հարցին, թե ինչու են դիմորդները ռուսերենի քննությունն ավելի վաղ հանձնել, եթե օտար լեզվի միասնական քննությունները վաղն են, Գայանե Մանուկյանը նշեց, որ դրանք առանձնացված են:
Ինչ վերաբերում է «Մաթեմատիկա» առարկայի ցուցանիշներին, ապա դրանք դեռ ամփոփված չեն:
Հիշեցնենք, որ վերջին միասնական քննությունները նշանակված են հուլիսի 19-ին՝ ֆիզիկայից, 22-ին՝ քիմիայից և Հայոց պատմությունից:









