Շուրջ 150 հայ երիտասարդներ եկել էին արյուն հանձնելու (տեսանյութ)

14:36 • 14.06.12

Լուսանկարները՝ Panarmenian Photo-ի

 

Շուրջ 150 երիտասարդներ՝ տարբեր բուհերից ու կազմակերպություններից, այսօր եկել էին պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ կամավոր սկզբունքով արյուն հանձնելու:

 

Հիշեցնենք, որ այսօր Արյան դոնորի համաշխարհայի օրն է, որը սահմանվել է 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների: Վերջինս 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:


Օրվա առիթով ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպեցին անվարձահատույց արյունատվության ակցիա:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ակցիա արդեն 10-րդ տարին է ինչ կազմակերպվում է: Նպատակը մեկն է՝ օգնել նրանց, ովքեր արյան ներարկման կարիք ունեն:

 

«Հավաքված արյան ամբողջ պաշարն անվարձահատույց կերպով տրամադրվելու է բոլոր նրանց, ովքեր Հայաստանում դրա կարիքն ունեն: Երիտասարդ դոնորների արյունը հետազոտվում է և, եթե հայտնաբերվում են այս կամ այն հիվանդության ռիսկեր, մենք անպայման շարունակականություն ենք ապահովում՝ բուժելով տվյալ երիտասարդին: Մենք արյուն ենք հավաքում բոլոր կարգի դոնորներից, քանի որ բոլորն էլ անհրաժեշտ են: Սրանից ավելի մարդասիրական ակցիա, այս ժամակահատվածում, դժվար թե կարողանայինք կազմակերպել»,- ասաց նա:

 

Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ Անդրանիկ Շամիլյանը ևս նշեց, որ չկա արյան մի կարգ, որի պահանջարկը չլինի և չկա մի պահ, որ արյան սպասող չլինի.«Արյան բոլոր կարգերն էլ մեզ հավասար չափով պետք են: Եթե հազվադեպ խումբ է, ուրեմն պահանջարկն էլ է հազվադեպ, եթե հաճախակի հանդիպող է՝ պահանջարկը շատ է: Արյունը դոնորից վերցնելուց հետո, այն համապատասխան բաժնում առանձնացվում է որոշակի բաղադրիչների և յուրաքանչյուր հիվանդի տրվում է իրեն անհրաժեշտ բաղադրիչը»,- ասաց նա:

 

Մասնագետը նաև նշեց, որ յուրաքանչյուր դոնորից վերցնում են մինչև 450 միլիլիտր արյուն: Դոնորը պետք է լինի առնվազն 18 տարեկան և ունենա՝ աղջիկների դեպքում 55-ից ոչ պակաս, իսկ տղաների՝ 65-ից ոչ պակաս քաշ:


«Բայց մինչ արյուն հանձնելը, դոնորները լինում են թերապևտի մոտ և վերջինս է որոշում, թե տվյալ անձը կարո՞ղ է արյուն հանձնել: Նաև նշեմ, որ նախօրոք մի փոքր արյուն ենք վերցնում և հետազոտում: Դրանից հետո միայն տվյալ անձը կարող է դոնոր հանդիսանալ»,- տեղեկացրեց Անդրանիկ Շամիլյանը:


Նշենք, որ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում դոնորների հերթ էր գոյացել. այս պահի դրությամբ, արդեն իսկ հավաքվել է 7-ից 8 լիտր արյուն: