Հաշմանդամություն ունեցողները կփորձեն բարձրանալ Արագածը

05:03 • 14.06.12

«Սահմաններ չկան, կան միայն արգելքներ» ծրագիրը առաջիկայում կմեկնարկի, որտեղ ընդգրկված սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ հնարավորություն կունենան բարձրանալ Արագած լեռը: Ծրագրի սպորտային մասի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցողները սկզբում կբարձրանան Արագածի գագաթներից ամենացածրը:

«Սա նախագիծ է՝ մշակված հատուկ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Նրանց խնդիրները չպետք է պատճառ դառնան, որպեսզի նրանք կյանքը չկարողանան վայելել: Հաշմանդամություն ունեցողները պետք կյանքը կարողանան լիարժեք վայելել: Իսկ դրա համար ամենակարևոր բանը սպորտով զբաղվելն է: Մենք բոլոր գագաթները աստիճանաբար բարձրանալու ենք»,-ասաց նա:

«Հայ էքստրիմ» կազմակերպության բժշկական թիմի հրամանատար Գևորգ Շախսուվարյանն էլ նշեց, որ իրենց համար հետաքրքիր է աշխատել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ մեկ պարզ պատճառով: «Նրանք մեզ սովորեցնում են կամային հատկանիշներ, իրենք երբեմն առօրյա կյանքում թույլ են թվում, բայց շատ ուժեղ են, քանի որ դժվարություններ են հաղթահարում ամեն պահի»,-ասաց նա:

Արևիկ Մելքոնյանը ծրագրի մասին իմացել է համացանցից և անմիջապես ներգրավվել՝ փորձելով իր ուժերը: Թեև նա ունի ոտքերի հաշմանդամություն, սակայն դա չի խանգարել, որպեսզի նա բարձրանա Արագածի գագաթներից մեկը:

«Առաջին անգամ էի մասնակցում էքստրեմալ սպորտաձևի: Մի փոքր հոգեբանական խնդիրներ ունեի: Բայց 4-5 օր տևեց իմ նախապատրաստությունը և ես շատ արագ հաղթահարեցի այն»,- ասաց նա:

Ծրագրի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, սակայն ֆինանասական սուղ միջոցների պատճառով իրենք չեն կարող ներգրավել բոլոր ցանկացողներն, որքան էլ դա ցանկանան: