Հայաստանն ու Բուլղարիան ստորագրեցին համագործակցության փաստաթուղթ՝ մշակույթի ոլորտում

15:25 • 14.06.12

Լուսանկարները՝ Panarmenian Photo-ի

Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունները մշակույթի բնագավառում այսուհետ ոչ միայն կհամագործակցեն գրական-թարգմանական նախագծերում, այլ նաև մշակութային այլ ծրագրերում՝ առաջնահերթություն տալով համատեղ կինոարտադրությանը և ոչ նյութական ժառանգության ոլորտին՝ թատրոնին, երաժշտությանը, պարարվեստին, կերպարվեստին, թանգարանային գործին և ճարտարապետությանը:


Այս առիթով այսօր Հայաստանի և Բուլղարիայի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Վեժդի Ռաշիդովը ստորագրեցին երկու երկրների միջև մշակույթի ոլորտի՝ 2012-2014 թթ. համագործակցության փաստաթուղթ:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց, որ Հայաստան-Բուլղարիա մշակութային հարաբերությունները պաշտոնական հիմքի վրա են դրվել դեռևս 1994թվականից՝ երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում կնքած համագործակցության համաձայնագրի հիման վրա, որի ծրագրերը պարբերաբար իրականացվում են:


«Առաջին անգամ չէ, որ Վեժդի Ռաշիդովն այցելում է Հայաստան: Նա հյուրընկալվելու է նաև Գյումրիում, Սպիտակում, նաև Երևանի քաղաքապետի մոտ»,- ասաց նախարարը և հիշեցրեց, որ Վեժդի Ռաշիդովը Հայաստանի համար ծանր օրերին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ այստեղ էր և իր ստեղծագործություններից ստացած հասույթն ամբողջությամբ տրամադրեց երկրաշարժից տուժած գյումրեցիներին:

 

Հասմիկ Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ Վեժդի Ռաշիդովը քանդակագործ է և շատ գործեր է նվիրվել Սպիտակի թանգարանին: Նա արժանացել է Երևանի և Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումներին:


Իր հերթին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Բուլղարիայի նախարարին՝ Հայաստանի կյանքում ունեցած մեծ ներդրման համար, պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:


Վեժդի Ռաշիդովը խոստովանեց, որ իր ողջ կյանքն անցել է հայերով շրջապատած միջավայրում՝ «Շա՜տ տաղանդավոր հայերով»,- ընդգծեց նա՝ հավելելով,- «Նրանցից ոմանք այսօր իմ գործընկերներն են»: Ապա ներկայացրեց իր հետ պատվիրակության կազմում Հայաստան ժամանած բուլղարահայ, աշխարհի մեծագույն աճպարարներից մեկին՝ Անդրանիկ Արաբաջյանին:


«Շնորհակալ եմ մեդալի համար, սակայն ինձ համար ամենամեծ պատիվը՝ սերն է: Ես իմ ընկեր հայերի սերը վայելել եմ, և այս մեդալը կկրեմ մեծ պատվով»,- ասաց նա և ավելացրեց, որ լինելով գործունյա մարդ, սիրում է անմիջապես իրականացնել ծրագրերը:


«Այսօրվանից սկսում ենք իրականացնել այդ ծրագրերը: Չկա ավելի լավ բան, քան կենդանի կապը երկու երկրների միջև, մեր երկրները հին են և մշակույթի միջոցով կարող են այդ կապը հաստատել»,- հայտարարեց բուլղարացի նախարար Վեժդի Ռաշիդովը: