Ոռոգման ջրի դեֆիցիտը կլրացվի Սևանա լճի հաշվին

15:28 • 14.06.12

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի

Բնակլիմայական պայմանների պատճառով, այս տարի ջրային հոսքեր չեն եղել և այսօր ջրային ռեսուրսներում, որոնք ապահովում էին Արարատյան դաշտի հողերի հիմնական մասի ոռոգումը, առաջացել է դեֆիցիտ: Այս առիթով այսօր կառավարությունն իր հերթական նիստում հավանության արժանացրեց «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ոռոգման ջուր մատակարարել Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգելի հողերին։

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշեց, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով և վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը:

 

«Մեկ հեկտար ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որը մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»,- ասաց նա։

 

Տիգրան Սարգսյանը ջրպետկոմի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծված իրավիճակը քննարկել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հետ, հաշվի առնել այնտեղ արված հաշվարկները, ապա նոր միայն ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։

 

Ջրային պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սևանա լճի միջոցով ոռոգման ջրի դեֆիցիտը լրացնելու հնարավորություն կա. «Լճի մակարդակի բարձրացումը նաև թույլ է տալիս, որ այսպիսի արտակարգ դեպքերում մենք դիմենք լճին և դեֆիցիտը ծածկենք ջրային ռեսուրսներով: Բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումները շարունակվում են: Առաջիկայում համապատասխան լուծում կստանանք և մեր գյուղացիական տնտեսությունները վստահ կլինեն, որ այս տարվա ոռոգման սեզոնին կունենան անխափան և կայուն ջրամատակարարում»,- ասաց նա:


Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ այսօր Ապարանի ջրամբարում 90 մլն խմ-ի փոխարեն ամբարված է 31 մլն խմ ջուր, Ազոտի ջրամբարում՝ 71 մլն խմ-ի փոխարեն՝ 60մլն խմ:


«Երբ մենք ամեն տարի Հրազդան գետից վերցնում ենք մոտ 150 մլն խմ ջուր, այս տարի կարող ենք վերցնել 110 մլն խմ ջուր: Դեֆիցիտ կա նաև Արմավիրի մարզում, որտեղ Սև ջրից մենք կարողանում էինք ոռոգում կազմակերպել, Սև ջրի ակունքներն այս տարի ևս նստել են և այդ դեֆիցիտը դարձյալ պետք է լրացվի Սևան-Հրազդան համակարգից»,- ասաց Անդրանիկ Անդրեասյանը և հավաստիացրեց, որ ոռոգման ջրի գնի բարձրացում չի լինի և գյուղացին ինչպես միշտ այն կստանա 11 դրամով: