Հայերեն բառերի գաղտնի կյանքը. Տիգրան Մանսուրյանը հանդես եկավ բացառիկ պրեմիերայով (լուսանկարներ, տեսանյութ)
Երեկ՝ հունիսի 13-ին երեկոյան «Նարեկացի» արվեստի միության դահլիճում երաժշտական պրեմիերա էր: Առաջին անգամ Երևանում հնչեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` համադիր երգերի «Canti Paralelli» (Զուգահեռ երգեր) երգաշարը, որ Մաեստրոն ավարտել է այս տարի: Շարքի կառուցվածքային կողմը Մանսուրյանին հուշել է իր ամենասիրելի գործերից մեկը՝ Պլուտարքոսի Vitae parallelae-ն՝ «Զուգահեռ վարքերը»:
Դաշնամուրի և վոկալի համար գրված «Զուգահեռ երգեր» երգաշարը ստեղծված է հայ դասական պոեզիայի առանձին բանաստեղծական նմուշներն իրար հետ զույգերով համադրելու միջոցով: Այսպես` շարքի մեջ զետեղված են Պաղտասար Դպիրի «Տաղ կորուսեալ սիրելոյ» և «Վասն սիրոյ», Եղիշե Չարենցի «Կապույտ լճի վրա» և «Եվ մի իրիկուն», Ավետիք Իսահակյանի «Իմ հոգին» և «Լեռների վրա ձնել է...», Վահան Տերյանի «Աշնան երգ» և «Իմ խաղաղ երեկոն» բանաստեղծությունները:
Կոմպոզիտորն ինքն է աղերսներ գտել ի սկզբանե առանձին ու ինքնուրույն բանաստեղծական այս կտորների միջև: Դրանք, ըստ նրա ընթերցման, ունեն բանաստեղծական լեզվի ու կառույցի ոճային, հանգային ու բովանդակային ներքին ու փոխլրացնող ընդհանրություններ, որոնց հիման վրա էլ դրանք փոխհամակցվել են` փոխադրվելով երաժշտական տեսանկյունից ամբողջական երգաշարի:
Շարքի վոկալ պարտիան փայլուն կատարեց ամերիկահայ սոպրանո Շուշիկ Բարսումյանը, որը հայտնի երաժիշտների ընտանիքից է, սակայն առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում: Նա Մանսուրյանի խորհրդով պետք է առաջիկայում հայրենիքում ելույթ ունենալը «սովորություն դարձնի»: Շուշիկի բացառիկ ձայնն ու մեծ վարպետությունը բարձր գնահատեցին ելույթին ներկա նաև այլ մասնագետներ՝ փայլուն երաժշտական կարիերա կանխատեսելով թվում է միայն սփյուռքի հայուհիներին բնորոշ անսահման հմայքի տեր Շուշիկի համար:
Դաշնամուրային պարտիան կատարում էր կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովը, որի աշխատանքը Մանսուրյանը ևս շատ բարձր գնահատեց: Համերգին անձամբ ներկա հեղինակը զուգահեռ ներկայացնում էր իր մեկնաբանությունները ու վերլուծությունները: Դրանք վերաբերում էին ոչ միայն երաժշտական իրողություններին, այլև բանասիրական, ազգագրական և կից այլ շատ նյութեր էին պարունակում, ինչը Մանսուրյանի այս նախաձեռնությանը տալիս էր վարպետության դասի որակ: Դրա ընթացքում մաեստրոն իրեն հատուկ հումորով և հետաքրքրականությամբ բացառիկ տեղեկություններ փոխանցեց նյութի վերաբերյալ, բացահայտումներ արեց երաժշտության ոլորտներում հայերեն բառերի գաղտնի կյանքից, անդրադարձավ ակտուալ մշակութային խնդիրների (մասնավորապես սխալ շեշտադրությանը՝ այդ թվում շատ հայտնի երգերում): Ինչպես միշտ մաեստրոն գերազանցեց իր հետ սակավ հանդիպումներից ունեցած ակնկալիքները և մեկ անգամ ևս վերահաստատեց հայ լինելու արժեքն ու առավելությունը: Դե իսկ նշված բանաստեղծների հայտնի ու ոչ այնքան հայտնի գործերին այսպիսով, միանշանակ կարելի է արձանագրել, նոր շունչ հաղորդվեց կամ վերարժևորման հնարավորություն տրվեց՝ առայժմ հանդիսատեսի նեղ շրջանակներին:
Այսօր՝ հունիսի 14-ին, Մանսուրյանի նոր շարքը նաև կհնչի Գաֆէսճյան կենտրոնում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում անցկացվող «Դիլիջան» երաժշտական փառատոնի համատեքստում, բայց այս անգամ` առանց Մաեստրո Մանսուրյանի մեկնաբանությունների:










