Վրաստանի ու Ադրբեջանի ռեկորդային շոգերը Հայաստանին չեն վերաբերում. առաջիկա 5 օրերի եղանակը

22:23 • 14.06.12

Լուսանկարը՝ ArmeniaNow.com-ի

 

Վրաստանի հիդրոօդերևութաբաններն կանխատեսել են, որ 1966թ.-ից ի վեր այսօր՝ հունիսի 14-ին գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի հիդրոօդերևութաբանության ծառայությանը, առաջիկա օրերին Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կհատի +40-ի սահմանը, ինչը չի եղել նախորդ դարից: Նույնքան ջերմաստիճան է սպասվում նաև երկրի արևելքում: Ջերմաստիճանի բարձրացում է նկատվել նաև Ադրբեջանում: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, հիդրոօդերևույթաբանները կանխատեսել են, որ առաջիկա երկու օրերի ընթաքում երկրի որոշ շրջաններում օդի ջեմաստիճանը կհասնի 40 աստիճանի:


Հարց է առաջանում, արդյո՞ք սա տարածաշրջանային դրսևորում չէ, և նույն բանը չի սպասվում հայաստանում: Պարզվում է, որ Հայաստանում եղանակային սպասումներն առաջիկա օրերին միփոքր ավելի մեղմ են:


Այսօր Երևանում գրանցվել է մինչև 34 աստիճան ջերմություն, ինչը, ըստ ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ի տնօրեն Լևոն Վարդանյանի, չի գերազանցում նախորդ տարիների նույն ժամանակահատվածում գրանցված ջերմաստիճանին:


«Մեզ մոտ միշտ էլ հունիս ամսին գրանցվել է 30-35 աստիճան ջերմություն: Այս տարի արտառոց ոչինչ չկա, բայց թե առաջիկա երկու ամիսներին ինչպիսի եղանական կգրանցվի, ասել չենք կարող»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա:


Լևոն Վարդանյանը հավաստիացրեց, որ, ի տարբերություն հարևան երկրի, Հայաստանում արտառոց եղանակային դրսևորումներ առաջիկայում չի սպասվում: «Եթե նման բան սպասվի մենք բոլորին ժամանակին կտեղեկացնենք»,-ասաց նա:


Tert.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հունիս ամսվա ընթացքում Երևանում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հունիսի 7-ին՝ 36 աստիճան:


Հանրապետության տարածքում հունիսի 15-16-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Նույնը սպասվում է նաև Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 18-19-ին: Հունիսի 17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից: Նշենք նաև, որ այս օրերի ընթացքում հարավ-արևմտյան քամին 2-7մ/վրկ արագություն կունենա:


Վաղը օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ 17-19-ին՝ կնվազի 3-5-ով:


Երևանում հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին և 18-19-ին ևս հնարավոր են տեղումներ: Հունիսի 17-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: