ԱՄՆ Սենատում Ադրբեջանում երկրի դեսպանի թեկնածուին հարցեր են ուղղվել նաև ԼՂ հակամարտության և Հայոց Ցեղասպանության մասին

09:03 • 14.06.12

Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին իրավիճակի սրման դեպքերը երեկ քննարկվել են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում` Ադրբեջանի նոր դեսպանի նշանակման լսումների ընթացքում, տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:

 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ջին Շահինը և սենատոր Ռոբերտ Մենենդեսը դեսպանի թեկնածու Ռիչարդ Մորնինգսթարին մի քանի սուր հարց են ուղղել` կապված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների, Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

 

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել Ադրբեջանի հետ և խորհուրդներ տա` ժողովրդավարացման և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ և պետք է շարունակի նաև միջնորդական առաքելությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:
 

Մենենդեսը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական սահմանին իրականացված վերջին հարձակումների վրա, և հիշեցրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց թշնամին հայերն են` ողջ աշխարհում և որ հայերը պետք է միշտ ապրեն վախի մթնոլորտում: Նա հարց է բարձրացրել, թե արդյոք նման հայտարարություններ անող երկրին ռազմական տեխնիկա վաճառելը բխում է Միացյալ Նահանգների շահերից։

 

«Լարվածությունը մեծ է նաև Ադրբեջանի այլ հարևանների հետ` մասնավորապես Իրանի: Ես կարծում եմ, որ հնարավոր ռազմական աջակցությունը ոչ մի դեպքում չի կարող օգտագործվել Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասել է նա:


Պատասխանելով Մենենդեսի բարձրացրած հարցին` Ադրբեջանի կողմից հայկական Ջուղայի գերեզմանատան ավերման վերաբերյալ, Մորնինգսթարն ասել է. «Ես չգիտեմ։ Սակայն եթե նշանակվեմ դեսպանի պաշտոնում, ապա ամեն ինչ կանեմ այդ վայր այցելելու համար: Ցանկացած նման գործողություն անընդունելի է, և ես ամեն ինչ կանեմ այնտեղ այցելելու համար»։

 

Սենատոր Մենենդեսը նաև հարց է ուղղել 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասխանության վերաբերյալ և նշել, արդյոք 1.5 մլն հայերի դաժանաբար սպանության փաստը վիճարկելի է ձեզ համար: Մորնինգսթարը պարզապես պատասխանել է. «Ոչ»: