Հյուրանոցի սպասավորը գողացել է Նադալի 499 հազար դոլարանոց ժամացույցը
Հայտնի իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի 499 հազար դոլար արժողությամբ ժամացույցը գողացվել է Փարիզի հյուրանոցներից մեկի սպասավորների կողմից, գրում է Daily Mail-ը:
5 աստղանի շքեղ հյուրանոցի աշխատողը, օգտվելով այն հանգամանքից, որ Նադալը քնած է, հաջողացրել է վերցնել նրա թանկարժեք ժամացույցը և աննկատ դուրս գալ համարից:
Նադալի խոսքերով` գողությունը տեղի է ունեցել այն օրը, երբ ինքը 7-րդ անգամ Ֆրանսիայի բաց առաջնությունում` Rolland Garros-ում հաջողության է հասել: Երեկոյան քնելուց առաջ թանկարժեք քարերով պատված հեղինակավոր Richard Mille ընկերության ժամացույցը դրել է մահճակալի կողքին, իսկ երբ հաջորդ օրն արթնացել է, այն անհետացած է եղել:
Մարզիկն այս մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը, ինչի արդյունքում պարզվել է, որ ժամացույցի գողացողն այդ հյուրանոցում աշխատող 38-ամյա մի տղամարդ է: Վերջինս ընդունել է իր մեղավորությունը և ետ տվել ժամացույցը:









