Երկուշաբթի կկայանա նոր կառավարության արտահերթ նիստ, մինչ այդ ՀՀԿ ԳՄ նիստը հետաձգվել է վաղը
Երկուշաբթի օրը՝ հունիսի 18-ին, կկայանա ՀՀ նոր կառավարության անդրանիկ նիստը, որը նաև արտահերթ է լինելու: Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ կառավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրներից: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության ծրագիրը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության` կներկայացվի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ նիստի հաստատմանը:
Ի դեպ, նշենք, որ նախապես այսօր նախատեսված Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը հետաձգվել է։ Այս մասին Tert.am—ին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ ընդգծելով. «Ոչ մի լուրջ պատճառ չկա, զուտ տեխնիկական խնդիրների պատճառով ավելի նպատակահարմար համարվեց նիստը վաղն անցկացնել»։
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ ԳՄ նիստի օրակարգում քննարկվելու է կառավարության կազմի հարցը։
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին կայացած «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ վարչապետ նշանակելով Տիգրան Սարգսյանին։
Դրանից հետո՝ հունիսի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ նշանակեց կառավարության անդամներից երեքին՝ իրենց պաշտոններում թողնելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:









