Ռուսաստանում ուղևորներին թունավորած հայ տաքսիստը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

13:56 • 14.06.12

Մոսկվայի մարզի Պուշկինի քաղաքային դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել կողոպուտի նպատակով իր ուղևորներին թունավորած տաքսու վարորդ Արմեն Փանոսյանին, հայտնում է vz.ru-ն:

 

Քննության համաձայն` 2011թ.-ի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում Փանոսյանն իր ուղևորներին հյուրասիրել է հոգեմետ դեղով ալկոհոլային խմիչքներ, իսկ երբ նրանք կորցրել են գիտակցությունը, թալանել է նրանց:

 

Իր առաջին զոհին Փանոսյանը թողել է գերեզմանատանը` առանց վերնաշապիկի` չնայած ցուրտ եղանակին: Տուժածը ցրտահարությունից մահացել է: Երկու այլ տուժածներ մահացել են հոգեմետ դեղերից թունավորման հետևանքով: Մեկ ուղևորի նա թողել է ջրամբարի մոտ, վերջինս էլ, լինելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, ընկել է ջրամբարն ու խեղդվել:

 

Նմանատիպ գործողություններ են կատարվել ևս 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը նա արել է իր ծանոթուհի Իրինա Գրինևայի հետ համատեղ:

 

Քննելով քրեական գործի նյութերը` դատարանը Փանոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման, իսկ նրա ծանոթուհուն`1.5:

 

Դատարանը նաև պարտավորեցրել է տաքսիստին զոհերի ընտանիքներին վճարել 700 հազ ռուբլի փոխհատուցում, 2.5 մլն էլ` բարոյական վնասի համար: