Կոտայքի մարզում 23-ամյա երիտասարդը կաթսայատան ապամոնտաժման ժամանակ մնացել է փլատակների տակ և մահացել (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 19.40-ի սահմաններում Ոստիկանության Չարենցավանի բաժնից հայտնել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար ծառայություն, որ Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատանը փլատակների տակ մահացած մարդ կա, ում դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս պահին նշված շինությունում քանդման և ապամոնտաժման աշխատանքներ կատարողները փլատակների տակից դուրս են բերել երիտասարդի մարմնի մի մասը և այն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Կոտայքի մարզի դիահերձարան:
Արդեն 3 ժամ է փրկարարները մահացածի հարազատների և Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների հետ որոնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի հայտնաբերեն մահացածի մարմնի մյուս մասերը: Դեպքի վայր են ժամանել նաև Չարենցավանի և Հրազդանի հրշեջ փրկարարները, որոնց աշխատանքը ղեկավարում է Կոտայքի մարզի փրկարար ծառայության պետ Գեղամ Գրիգորյանը:
Տեղում է նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության չարենցավանի բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացածը Չարենցավան քաղաքի 1ա թաղամասի 4-րդ շենքի բնակիչ 23-ամյա Հովհաննես Բաբայանն էր, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, փորձում էր մի քանի հոգու հետ կաթսայատան ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել:
Գ. Շամշյանը հայտնում է, որ եթե կաթսայատան ապամոնտաժման և քանդման աշխատանքների ժամանակ պահպանվեին աշխատանքի անվտանգության կանոնները, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա: Իսկ անվտանգության պահպանումը պետք է կատարվեր նշված տարածքի սեփականատիրոջ կողմից: իսկ թե ում է պատկանում այն, դեպքի վայրում պատկան մարմինները չեն կարողացել պատասխանել՝՝ պատճառաբանելով, որ դեռևս չեն ճշտել:
Արդեն դեպքի վայր են ժամանել Երևանի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Ավետիս Մանուկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են նաև փրկարար-կինոլոգները՝ հատուկ շների ուղեկցությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









