Կրասնոդարում ռուսախոս հայերի համար լույս է տեսել «Փոքր Մհեր» դասագիրքը
ՌԴ-ի Կրասնոդար քաղաքում հատուկ ռուսախոս հայերի համար լույս է տեսել «Փոքր Մհեր» հայատառ ձեռնարկը: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, դասագիրքը նախատեսված է նախադպրոցական ու տարրական դասարանների ռուսախոս հայ երեխաների համար:
«Խաչքար» հրատարակչության կողմից լույս ընծայված ձեռնարկի հեղինակը Կրասնոդարի հայոց լեզվի ուսուցիչ Երազիկ Հարությունյանն է:
Ռուսաստանում գործող կիրակնօրյա հայկական դպրոցների համար սա մեծ օգնություն է: Ձեռնարկի առավելությունն այն է, որ հայոց լեզվի դասավանդման մեթոդիկան շատ հեշտ ու հասանելի է ներկայացված: Հայոց լեզուն գրքի էջերում ներկայացվում է որպես երկրորդ (արտասահմանյան) լեզու, ինչը հայերենին հաղորդակցվելու հնարավորություն է ընձեռում նաև այլազգի երեխաներին:
«Փոքր Մհեր»-ը ներառում է դասագիրք, ծնողների ու մանկավարժների համար մեթոդական ուղեցույց, ինչպես նաև CD-սկավառակ:










