Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում է ՄԱԿ-ի «Ռիո+20» համաժողովը

11:54 • 14.06.12

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում այսօր աշխատանքներն է սկսում ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման համաժողովը, հայտնում է Associated Press-ը: Համաժողովի նպատակը ժամանակակից հասարակության զարգացման այնպիսի հայեցակարգի մշակումն, որը կնպաստեր աղքատության նվազմանը, սոցիալական ապահովության մեխանիզմների զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը` բնակչության թվաքանակի ավելացմանը զուգահեռ:

 

«Ռիո+20»-ին մասնակցում են ավելի քան 100 երկրների առաջնորդներ ու պատվիրակություններ, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կազմակերպիչները միջոցառումն անվանել են ՄԱԿ-ի` երբևիցե անցկացված համաժողովներից ամենամասշտաբայինը:

Համաժողովն անցկացվում է ՄԱԿ-ի «Երկիր մոլորակ» նույնանման համաժողովից ուղիղ  20 տարի անց: Կազմակերպիչների խոսքով` այս համաժողովը հնարավորություն կտա մասնակիցներին ներկայացնել, թե ինչպիսին կարող էր լինել մեզ շրջապատող աշխարհը 20 տարի անց:

 

«Ռիո+20»-ը կտևի մինչև հունիսի 22-ը: