Վենեսուելան սկսել է Կալաշնիկովի և անօդաչուների արտադրություն

13:12 • 14.06.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ երկիրը Ռուսաստանի օգնությամբ սկսել է «Կալաշնիկով» ինքնաձիգների և անօադաչու թռչող սարքերի արտադրությունը, հաղորդում է Reuters-ը:

 

2005թ.-ին Վենեսուելան Ռուսաստանի հետ` «Կալաշնիկով»  արտադրության համար նախատեսված գործարանի կառուցման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել, ինչից հետո երկիրը 3 հազար AK-103 ինքնաձիգներ է արտադրել:

 

Թեև գործարանն ամբողջությամբ դեռ պատրաստ չէ, այնուամենայնիվ արտադրությունն արդեն սկսվել է: Ակնկալվում է, որ այն հնարավորություն կունենա տարեկան 25 հազար ինքնաձիգ արտադրել:

 

Չավեսը նաև հայտարարել է, որ Վենեսուելան սկսել է նռնակներ և փամփուշտներ արտադրել: 

 

«Մենք որևէ մեկի վրա հարձակվելու միտք չունենք: Այս ծրագրերն իրականցվում են պաշտպանական, խաղաղ նպատակների համար»,- ասել է Չավեսը:

 

Նախագահի քաղաքական մրցակիցները, իրենց հերթին, քննադատում են կառավարությանը զինամթերքի գնման և արտադրման ոլորտում միլիարդավոր դոլարների ներդրումներ անելու համար` պնդելով, որ ավելի նպատակահարմար կլիներ այդ գումարներն ուղղել կրթական և առողջապահական ծրագրերին:

 

Վերջին 7 տարիների ընթացքում Վենեսուելան Ռուսաստանից մի քանի միլիարդ դոլարի զինամթերք և ռազմական փոխադրամիջոցներ է գնել, այդ թվում նաև 100 հազար «Կալաշնիկով» ինքնաձիգներ: