Աֆղանստանից զորքը դուրսբերումից հետո ԱՄՆ-ը ռազմատեխնիկան կթողնի Կենտըոնական Ասիայի երկրներին

09:11 • 15.06.12

2014թ.-ին Աֆղանստանից զորքը դուրս բերելուց հետո, Միացյալ Նահանգներն իր ռազմատեխնիկան կթողնի Կենտրոնական Ասիայի երկրներին, գրում է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով միջինասիական երկրների ռազմական գերատեսչություններին մոտ կանգնած աղբյուրներին:


Թերթի տվյալներով` ամերիկյան ռազմական գերատեսչությունը` Պենտագոնը, դիտարկում է Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կողմից օգտագործվող տեխնիկան Տաջիկստանին, Ուզբեկստանին ու Ղրղըզստանին թողնելու հարցը: Մի մասը միջինասիական երկրներին կտրվի անհատույց, մի մասն էլ` ժամանակավոր պահպանման համար:

 

Բացի զրահամեքենաներից, բուլդոզերներից և այլ տեխնիկայից, Աֆղանստանի հարևաններին կմնան նաև բուժսարքավորումներ, կապի ու հրդեհաշիջման միջոցներ և այլ պարագաներ:


Իսկ փոխարենը ԱՄՆ-ն բեռների փոխադրման ու տարածաշրջանում ռազմաբազաների տեղակայման հնարավորություն կստանա:

 

Սակայն թերթին ռուսական դիվանագիտական շրջանակներից հայտնել են, որ ԱՄՆ ծրագիրը «խելքին մոտ չէ»:

 

«Ռուսաստանի համար նման սցենարը բացարձակ անընդունելի է, քանի որ ԱՄՆ-ն այդ քայլով հակասում է Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համաձայնություններին»,- ասել է աղբյուրը: