ԱԺ-ում օրենքների նախագծերն այդպես էլ կմնան թղթի վրա
Չորրորդ գումարման Ազգային ժողովից մնացած մոտ 400-ից ավելի օրենքի նախագծեր ( ինչպես պաշտոնապես շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված , այնպես էլ նստաշրջանի օրակարգում ընդգրկված, բայց վերջնական՝ 2-րդ կամ 3-րդ ընթերցում չանցած բաժիններից - Tert.am ) հանված են նորընտիր Ազգային ժողովի պաշտոնական կայքից և նրանց փոխարեն այս պահին միայն մեկ նախագիծ կա, այն է՝ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Իսկ պաշտոնապես շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված նախգծերը վեցն են՝ այդ թվում՝ «Լիցենզավորման մասին» , «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին կառավարության նախագծերը:
Պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում նախորդ գումարման ԱԺ-ից փոխանցված օրենքի նախագծերին,ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, հղում անելով «ԱԺ-կանոնակարգ օրենքին», նշեց, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո ԱԺ նախագահը նախորդ գումարումից մնացած օրենքի նախագծերից միայն ընթերցում անցած նախագծերն է ուղարկում գլխադասային հանձնաժողովներ և կառավարություն՝ նրանց հետագա ընթացքը ճշտելու համար:
Ինքնըստինքյան մեկ նստաշրջանից մյուսն են փոխանցվում այն նախագծերը, որոնց ընդունումը կարգավորվում է համապատասխան օրենքներով: Այսինքն՝ պետական բյուջեի մասին օրենք, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի հաշվետվություններ, միջազգային պայմանագրեր և այլն:
Ինչ վերաբերում է չվերընտրված պատգամավորների կողմից ներկայացված և ընթերցում անցած նախագծերին, ապա «ԱԺ կանոնակարգ-օրենքը» նախատեսում է, որ հեղինակի համաձայնությամբ այլ պատգամավորներ կարող են դրանք շրջանառության մեջ դնել:
Նշենք, որ 4-րդ գումարման ԱԺ օրակարգում չներառված օրենքների մոտ՝ մեկ երրորդի հեղինակը ԱԺ բոլոր չորս գումարումների պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է:









