Դերսիմցի հայուհին խոսել է Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Դերսիմի ցեղասպանությունն ուսումնասիրող ենթահանձնաժողովը երեկ լսել է դեպքերը վերապրածներին:
Ենթահանձնաժողովին իր պատմությունն է պատմել նաև դեպքերից 78 տարի անց իր ազգային ինքնության մասին տեղեկացած Դերսիմի հայազգի աքսորյալ Ֆաթմա Յավուզը` իրական անուն-ազգանունով Ասլըհան Քիրեմիթջյանը:
Նա պատմել է, թե ինչպես էին զինվորները մարդկանց շարում գետի եզերքին և սպանում, ապա դիակները գետը լցնում:
Այդ ժամանակ նա 4 կամ 5 տարեկան է եղել:
«Ինձ մեկը փրկեց` վրաս ծածկոցով ծածկելով: Ավելի ուշ մի սպա որդեգրեց ինձ: 13 տարեկանում ամուսնացրին 35 տարեկան մի մարդու հետ»,- պատմել է նա:
Հայուհին նաև նշել է, որ իրեն որդեգրած ընտանիքն իր հանդեպ դաժան է եղել: Խորթ մայրը պարբերաբար ծեծել է նրան, կոտրել է մատը:
Ավելի ուշ իր անցյալը բացահայտելուն ուղղված երկարատև աշխատանքից հետո պարզել է, որ հոր անունը Հակոբ, իսկ մոր անունը Հավաս է եղել:
Դերսիմի դեպքերից հետո որդեգրված մեկ այլ կորուսյալ դուստր է Հալազուր Գևիշը:
«Այլևս նման դեպքեր թող չկրկնվեն, երեխաները որբ թող չմնան, մայրերը թող չարտասվեն»,- իր ելույթն այսպես է սկսել նա:
Նա պատմել է, ինչպես է խորթ հայրն իր ձեռքից խլել մոր ողջ ունեցվածքը, իսկ ինքը «գերիի» պես ստիպված է եղել ապրել ճամբարներում:
«Ստիպված եմ եղել ստրուկի կյանքով ապրել: Ինչպե՞ս կարող են մարդիկ այդքան վատը լինել»,- ասել է նա:
Դերսիմի ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ Էրդալ Քարաքոչը պատմել է, որ տարիներ շարունակ փնտրում է քրոջը` Սաքինեյին և հորեղբոր աղջկան` Շեմսիին:
Նախկինում նրանց որոնելու աշխատանքներով զբաղվել է հայրը, սակայն մահացել է` առանց աղջկան գտնելու:
«Մենք գիտեինք, որ նրանք կենդանի են: 1941 թ.-ին թվագրվող մի փաստաթուղթ ունեինք: Սակայն որքան մոտեցել ենք նրանց, նրանց այդքան հեռացրել են մեզնից: Կարծում եմ, որ այս ամենը Դերսիմի ալևիներին վերացմանն ուղղված քայլ էր»,- ասել է նա:
Նա նշել է, որ եթե «կորուսյալ զավակները» ապրում են, ապա ցանկանում է գտնել նրանց, իսկ եթե արդեն մահացել են, ցանկանում է գոնե նրանց գերեզմանի տեղն իմանալ:









