Նորվեգիան 2 հինգերորդ սերնդի F-35 կործանիչներն է պատվիրել

20:35 • 15.06.12

Նորվեգիան ԱՄՆ-ից պատվիրել է առաջին երկու հեռանկարային F-35A Lightning II կործանիչները: Այս մասին այսօր հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հղում անելով երկրի կառավարության տեղեկությանը:

 

Ընդհանուր առմամբ, Նորվեգիան նախատեսում է 52 նորագույն ինքնաթիռ ստանալ իր ռազմաօդային ուժերի համար, և այդ նպատակով 60 մլրդ նորվեգական կրոն (10 մլրդ ԱՄՆ դոլար) կծախսվի: Համապատասխան համաձայնագիրը երկու երկրների միջև կնքվել է դեռ 2008թ.-ին: Այնուամենայնիվ, Օսլոյում դեռ հապաղում էին ինքնաթիռները գնել: Բանն այն է, որ Նորվեգիայի պաշտպանության նախարարությանը փորձում էր հասնել այն բանին, որ F-35-ների վրա թույլատրվի տեղադրել սեփական արտադրության սպառազինություն` ներառյալ JSM (Joint Strike Missile) հրթիռները: 2012թ. հունիսին ԱՄՆ-ը համաձայնել է նորվեգական կողմի պայմաններին և գործարքը կայացել է:

 

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչները ստեղծել է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը և ներկայում փորձարկվում է ԱՄՆ-ում:


Ընդհանուր առմամբ նախատեսվում է 3,1 հազար նման ինքնաթիռ արտադրել, որոնց զգալի մասը կգնի ԱՄՆ կառավարությունը:


Ինքնաթիիռները թողարկվում են երեք տարատեսակներով` F-35A-ն ռազմական օդուժի համար, F-35B-ն կարճեցված թռիչքով և ուղղահայաց վայրէջքով, ինչպես նաև F-35C-ն, որը նախատեսված է ավիակիրներից կատապուլտի միջոցով թռիչքի համար: