ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. նոր նախարարների թեկնածուների անունները հայտնի են (թարմացված)
Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի օրակարգում նոր կառավարության ձևավորման հարցն էր:
Նիստին մասնակցում էր ՀՀԿ ամբողջ ղեկավար կազմը՝ կուսակցության առաջնորդ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Նիստից անմիջապես հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ասաց, որ Գործադիր մարմնիի նիստին կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջարկով քննարկվել է կառավարության կազմի հարցը և միաձայն ընդունվել է այն թեկնածուների անունները, որոնք առաջադրել է նա: Այնուհետև Շարմազանովն ասաց, որ ցանկություն չունի չարաշահել լրագրողների համբերությունը և տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ական բոլոր գործող նախարարները կշարունակեն իրենց պաշտոնավարումը, այնուհետև ներկայացրեց նոր նախարարների թեկնածուների անուններն ըստ նախարարությունների: Ըստ այդմ Առողջապահության նախարարի պաշտոնի համար կառաջադրվի Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, Տրանսպորտի և կապի նախարար՝ Գագիկ Բեգլարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում կառաջադրվի ներկայիս փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի անունը, Շարմազանովի տեղեկացմամբ կհայտարարվի առաջիկա կառավարության նիստին:
Ինչ վերաբերվում է Քաղաքաշինության նախարարի թեկնածուին, ապա այդ հարցին Շարմազանովը պատասխանեց, որ դա ՕԵԿ-ի պորտֆելն է, և հետևաբար ՕԵԿ-ի որոշելիքը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ է անելու Սամվել Նիկոյանը, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, որ նա կմնա որպես պատգամավոր:
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին կայացած «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ վարչապետ նշանակելով Տիգրան Սարգսյանին։
Դրանից հետո՝ հունիսի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ նշանակեց կառավարության անդամներից երեքին՝ իրենց պաշտոններում թողնելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Այսպիսով ՀՀԿ-ական գործող նախարարներն ու նախարարի թեկնածուներըի ցանկը ստանում է հետևյալ տեսքը.
Տարածքային կառավարման նախարարի թեկնածու՝ Արմեն Գևորգյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թեկնածու` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարարի թեկնածու` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարարի թեկնածու՝ Հրայր Թովմասյան
Արտակարգ իրավիճակների նախարար (ՕԵԿ)` Արմեն Երիցյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարարի թեկնածու՝ Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարարի թեկնածու` Տիգրան Դավթյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի թեկնածու` Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարարի թեկնածու` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարարի թեկնածու՝ Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան
Սփյուռքի նախարարի թեկնածու` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի և կապի նախարարի թեկնածու` Գագիկ Բեգլարյան
Ֆինանսների նախարարի թեկնածու՝ Վաչե Գաբրիելյան:
Բացի Արտակարգ իրավիճակների նախարարի պորտֆելից, ՕԵԿ-ին են պատկանում նաև Գյուղատնտեսության և Քաղաքաշինության նախարարների պորտֆելները: Եվ այսօր կայացած կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադեւոսյանի, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում` Սերգո Կարապետյանի թեկնածությունը:
Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի հավանական թեկնածու է համարվում ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս, ի դեպ, եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և այդ կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի՝ Tert.am-ին տված պարզաբանման համաձայն՝ «որոշ ժամանակ առաջ» դուրս է եկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկուշաբթի օրը՝ հունիսի 18-ին, կկայանա ՀՀ նոր կառավարության անդրանիկ նիստը, որը նաև արտահերթ է լինելու: Այս մասին Tert.am-ին հայտնի էր դարձել կառավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրներից: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության ծրագիրը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության` կներկայացվի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ նիստի հաստատմանը:









