Ազգային տոները պետք է սրբագործել մեր սերունդների միջոցով, այլապես մենք խնդիրներ կունենանք. Պատմաբան
Հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանիշների օրն է և օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում պատմաբան Ալիկ Ղարիբյանն ասաց, թե ինչ անելիքներ ունենք մեր հասարակության մեջ մեր ազգային արժեքները հաստատելու առումով:
«Ինչպես Գարեգին Նժդեհն է ասում, առաջին հերթին պետք է պետական դաստիարակության մասին մտածել: Ազգային տոները պետք է սրբագործել մեր սերունդների միջոցով, այլապես, մենք լուրջ խնդիրներ կունենանք»,-զգուշացնում է նա:
Պատմաբանն առաջարկում է օրն իսկական տոնի վերածել, հատկապես, երբ մեր ազգային տոները տոնացույցում քիչ են: Հետևաբար, ըստ նրա, այս օրն էլ պետք է տոնել այնպես, ինչպես Անկախության օրն է՝ սեպտեմբերի 21-ը, կամ մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը:
Ալիկ Ղարիբյանը մեկ այլ առաջարկ էլ ունի. կարևոր է, որ դպրոցներում յուրաքանչյուր դաս սկսվի դրոշի արարողությամբ, այսինքն. «Աշակերտը 10 տարի ամեն օր հայկական օրհներգի և հայոց դրոշը բարձրացնելու արարողության տակ մտնի դասարան: Ինչքան էլ նա թերանա իր ուսման մեջ, ապա հայրենասիրության տեսանկյունից՝ անպայման արդյունավետ կլինի»,-ասաց պատմաբանը, օրինակ բերելով մի շարք երկրներում ավանդույթ դարձած նմանատիպ արարողությունները:
Անդրադառնալով հայկական պետական խորհրդանիշներին, զինանշանին ու դրոշին, պատմաբանը նշեց, թե դրանք ունեն պատմություն և սերտորեն կապված են մեր ժողովրդի ճակատագրի հետ:
Ալիկ Ղարիբյանն ավելորդ չհամարեց հիշեցնել, որ հայկական զինանշանի վրա հայոց չորս թագավորությունների զինանշաներն են՝ Արշակունիների, Բագրատունիների, Արտաշեսյանների և Կիլիկյան Հայաստանի: Նա ավելացրեց, որ հայկական քաղաքակրթությանը զուգահեռ մշտապես ունեցել ենք մեր զինանշանն ու դրոշը: «Ո"վ է տեղյակ, որ Բագրատունիների զինանշանի հիմքում էգ առյուծն է, որն ավելի ուժեղ է քան արուն, էգ առյուծը՝ խաչը ձեռքին»,-հարցնում է պատմաբանը:
Հաճախ է հնչում այն տեսակետը, թե հայկական զինանշանն իր տեսակով բավական բարդ է և փոփոխության անհրաժեշտություն կա՝ պատմաբանը դրա հետ մասամբ է համաձայն. «Համապատասխան փոփոխության հարցը ժամանակի հարց է: Այսօր մեր խորհրդանիշները բավարար են, բայց հասարակական համակարգի մեջ լիարժեք ամրապնդված չեն: Իհարկե, սիմվոլները շատ են, բարդ են, բայց ընկալելի ու տրամաբանված են: Ուղղակի խաչի խորհրդանիշը առավել քան ցայտուն պետք է լինի, դա կարևոր է քաղաքակրթական տեսանկյունից»,- մեկնաբանեց պատմաբանն ու եզրակացրեց՝ ինչպիսին էլ լինի զինանշանը, այն պետք է դառնա պաշտանմունք մեր ժողովրդի համար:









