Հայաստանի Հանրային խորհուրդը Ռիո դե Ժանեյրոյում է
Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, երեկվանից երկօրյա այցով Ռիո դե Ժանեյրոյում է՝ մասնակցելու Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նմանատիպ ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (International Association of Economic and Social Councils and Similar Institutions (AICESIS)) ամենամյա գլխավոր վեհաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ՀԽ –ի պաշտոնական կայքից:
Տեղեկացնենք, որ Հանրային խորհուրդը հիշյալ ասոցիացիային անդամակցում է 2009 թվականից:
Այցի ընթացքում Բրազիլիայի սոցիալական և տնտեսական խորհրդի և Հայաստանի հանրային խորհրդի միջև կնքվելու է երկկող համաձայնագիր:
Այցի ընթացքում կկազմակերպվի նաև երկու կլոր սեղան, որը կնախապատրաստի՝ երկու կողմերին հետաքրքրող առաջարկությունների փաթեթ: Հանդիպումների ժամանակ նաև կորոշվեն ապագա համագործակցության նախագծերը:
Հանդիպումները նախատեսվում է անցկացնել տարին մեկ անգամ Հայաստանում և Բրազիլիայում:
Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցելու է նաև այդ օրերին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին:









