Քաղաքական «լռության օրը» հայկական կայքերը չեն «լռել»
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ՝ մայիսի 5-ին պաշտոնապես հայտարարված «լռության օր»-ը խախտել են հայաստանյան 10 լրատվական կայքեր. այսպես՝ լռությունը խախտվել է 88 անգամ՝ 152 անգամ անդրադարձ կատարելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերին: Այս կերպ շրջանցվել է Ընտրական օրենսգրքի այն պահանջը, որով քվեարկությունից մեկ օր առաջ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին արգելվում է քարոզչություն իրականացնել:
Վերոնշյալ տվյալները ներկայացրեց «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը, ով մշտադիտարկման է ենթարկել հայաստանյան 10 կայքերը՝ Tert.am, Panarmenian.net, Panorama. Am 1in.am Civilnet.am, Azatuyun.am., Lragir.am. 7 or.am. News.am A1 plus.am:
Ըստ որում, 74 անգամ խոսվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, 28 անգամ՝ «Բարգավաճ Հայաստանի» և 25 անգամ Հայ հեղափոխական դաշնակցության մասին:
«Լռության օրը» խախտելու հիմնական պատճառ է հանդիսացել նախօրեին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած գազալցված փուչիկների պայթյունը, ապա Սահմանադրական դատարանում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի դիմումի քննարկումը, որով պահանջվում էր հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը:
Եվս մի քանի իրադարձություններ պատճառ են հանդիսացել, որպեսզի լրատվամիջոցները խախտեն օրենքով սահմանված լռությունը: Այսպես. Ալափարս գյուղում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցած միջադեպը, ԱԺ ընտրությունները լուսաբանող թուրք լրագրողների հանդիպումները հայաստանյան քաղաքական ուժերի հետ և, վերջապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից միջազգային դիտորդական առաքելության պատվիրակների ընդունելությունը:
Tert.am լրատվական կայքն այդ օրն ունեցել է 15 անդրադարձ, որից 14-ը չեզոք, 1-ը՝ դրական:
Ի պատասխան այն հարցի, թե լրատվական կայքերն այդ օրը պետք է գրեին միայն մշակութա՞յին անցքերի, թատրոնի և պոեզիայի մասին, և կամ, ինչպե՞ս վարվեին, եթե պետական պաշտոնյաները, ովքեր նաև քաղաքական գործիչներն են, այս կամ այն միջոցառումն են կազմակերպում, Սուրեն Դահերյանը նշեց. «Եթե կայքը գայթակղությանը չդիմանալով, այսուհանդերձ չեզոք է եղել, դա էլ հնարավոր էր չանել: Օրինակ՝ նույն փուչիկների հետ կապված, կարելի էր նշել դեպքի մասին, բայց չնշել կուսակցության անունը: Կամ էլ, դե, մի նշեք, լավ»:









