Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք
Այսօր հունիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է դռնփակ դատական նիստը:
Ինչպես դատարանից Tert.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը նշված դատարանին միջնորդել էր, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանք ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ: Նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատակ նիստն անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը:
Վճիռը հրապարակելուց հետո Ս. Հովհաննիսյանը տեղափոխվեց ՀՀ ԱԱԾ ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարան:
Նշենք, որ երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, որ Սամվել Հովհաննիսյանը ձերբակալվել էր մի քանի օր առաջ, որն ավելի ուշ հաստատվեց ԱԱԾ մամուլի ծառայության կողմից:
Սամվել Հովհաննիսյանը, ըստ որոշ տեղեկությունների, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ զախարյանի խնամին է:









