Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում առաջադրված 4 թեկնածուները գրանցվեցին. ԿԸՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում գրանցել է հուլիսի 19-ին ԼՂՀ –ում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված 4 թեկնածուներին. այս մասին Tert.am-ին հայտնեց ԼՂՀ ԿԸՀ հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:
Ըստ նրա, Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան, քննարկելով ԼՂՀ նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը, ԼՂՀ ԿԸՀ-ն որոշել է ԼՂՀ նախագահի թեկնածուներ գրանցել՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական Վիտալի Բալասանյանին, թոշակառու, անկուսակցական Վալերի Խաչատրյանին, ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական Բակո Սահակյանին և Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական Արկադի Սողոմոնյանին:
Ռաշիդ Պետրոսյանը նաև փոխանցեց, որ նիստի վերջում ներկաներին տեղեկացվել է նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացիկ աշխատանքների մասին:
ԼՂՀ ԿԸՀ հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, օրենքով սահմանված ժամկետում կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:









