Մյունխենի դատարանը արգելել է Գերմանիայում հրապարակել հատվածներ Հիտլերի Mein Kampf-ից
Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանը արգելել է բրիտանացի հրատարակիչ Փիթեր Մակգիին հրապարակել և տարածել հատվածներ Ադոլֆ Հիտլերի Mein kampf («Իմ պայքարը») արգելված գրքից: Այս մասին հայտնում է DPA-ն:
Մակգին պատրաստվում էր հրապարակել հատվածներ գրքից՝ գիտական մեկնաբանություններով Zeitungszeugen պատմական շաբաթաթերթում: 2009թ բրիտանացին արդեն հանդես էր եկել բավականին համարձակ քայլով՝ վերահրատարակելով Գերմանիայում Der Angriff և Voelkische Beobachter նացիստական թերթերը:
Նշենք, որ գիրքը գրված էր Հիտլերի կողմից, 1924թ՝ բանտում գտնվելու ժամանակահատվածում: Ստեղծագործությունը համարվում է ազգային-սոցիալիզմի գաղափարական հիմք:









