Մոսկովյան դատարանն ընդունել է Անաստաս Միկոյանի թոռանը պատկանող ընկերության սնանկության հայցը
Մոսկվայի արբիտրաժային դատարանը գրանցել է Վերակազմավորման ու զարգացման արևելաեվրոպական բանկի ներկայացրած հայցը, որը պահանջում է սնանկ ճանաչել Խորհրդային միության ականավոր պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռ Իվան Միկոյանին պատկանող «Սէլտեխստրոյ» ընկերությանը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայցի քննարկման ամսաթիվը չի հաղորդվում: Հաղորդվում է, որ ավելի վաղ արբիտրաժային դատարանը «Սէլտեխստրոյ»-ից բռնագանձել էր 22 մլն ռուբլի` հօգուտ բանկի:
2011թ.-ին Իվան Միկոյանի ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել հեռավորարևելյան Վանինո նավահանգիստը: «Սէլտեխստրոյ»-ը նավահանգստի բաժնետոմսերի 73%-ի աճուրդում հաղթել է` առաջարկելով դրանց համար 10.8 մլրդ ռուբլի: Սակայն 93.4 մլն ռուբլու գրավադրում անելուց հետո, վճարում չի կատարել մինչև սահմանված ժամկետի ավարտը` 2011թ.-ի հունիսի 24-ը, ասելով, թե «նավահանգիստն այդքան չարժե», ինչի արդյունքում աճուրդը չեղյալ է հայտարարվել:
Ժամկետը խախտելու համար Ռուսաստանի Դաշնային գույքի կառավարման գործակալությունն արբիտրաժային դատարան է ներկայացրել Իվան Միկոյանի ընկերությունից 300 մլն ռուբլի բռնագանձելու վերաբերյալ հայց: Չնայած առաջին ատյանի դատարանը պետական մարմնի «կողմն է բռնել», սակայն «Սէլտեխստրոյ»-ին հաջողվել է այն վիճարկել վերաքննիչ ատյանում:
Վանինո նավահանգիստը, արդյունքում, ձեռք է բերել «Մեչել» մետալուրգիական կորպորացիայի մասնաճյուղը:









