Սարկոզին այլևս անձեռնմխելի չէ. նա կկանգնի դատարանի առաջ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատական հետապնդում է սպառնում, քանի որ այսօր լրանում է նրա` նախագահական անձեռնմխելիության ժամկետը, և շուտով նա պետք է ցուցմունքներ տա միանգամից մի քանի գործով, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Առաջին հերթին նա ցուցմունք կտա Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ` Լիլիան Բետանկուրի գործի շրջանակում: Մեղադրանքի համաձայն` L'Oreal օծանելիքի տան ժառանգորդը 2007թ.-ին ապօրինի կերպով ֆինանսավորել է Սարկոզիի նախընտրական քարոզարշավը: Այս սկանդալը սկսվեց այն բանից հետո, երբ ֆրանսիական լրատվամիջոցներում հայտնվեց Լիլիան Բետանկուրի նախկին հաշվապահի հայտարարությունը, որի համաձայն Բետանկուրը Սարկոզիի գլխավորած «Հանուն ազգային շարժման միություն» կուսակցության գանձապահ Էրիկ Վերտին է փոխանցել 150.000 եվրո:
Սարկոզին դեռ պետք է ցուցմունք տա նաև այսպես կոչված` «Կարաչիի գործով»: Ֆրանսիայի իշխանությունները կասկածում են նախկին նախագահին Պակիստանին սուզանավեր մատակարարելու դիմաց կաշառք ստանալու մեջ:
Սարկոզին բոլոր մեղադրանքները հերքում է:









