ՍԴ-ն ժամանակավորապես դադարեցրեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բողոքի քննությունը

17:16 • 15.06.12

Սահմանադրական դատարանն այսօր որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բողոքի քննությունը՝ գտնելով, որ անհրաժեշտություն կա գործի շրջանակներում պետական իրավասու մարմիններից լրացուցիչ նյութեր և տեղեկատվություն ձեռք բերել և համապատասխան ուսումնասիրություններ կատարել:

 


ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց՝ քանի որ դիմող կողմը պնդում է, թե ներկայացված փաստերը հստակ իրավական գնահատական չեն ստացել, ինչը իրավական պաշտպանության տեսակետից, նրանց համոզմամբ, շատ կարևոր է, նաև նշում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրենց զրկել է վարչական դատարան դիմելու հնարավորությունից, ուստի ՍԴ-ն կդիմի գլխավոր դատախազությանը և ԿԸՀ-ին` մի շարք հարցերում պարզաբանումներ ստանալու նպատակով:

 

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանը պահանջում է անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը` Սամվել Ալեքսանյանին սույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ճանաչելու մասին:

 

ՍԴ ներկայացված փաստաթղթերով, նաև` թիվ 7 ԸԸՀ-ի և ԿԸՀ-ի, հաստատվել է, որ մայիսի 6-ի Աժ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ, Սամվել Ալեքսանյանի կողմից գումար է բաժանվել ընտրողներին և տրվել են անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ: