Շուշան Պետրոսյանը պատգամավոր դառնալուց առաջ հրաժարվել էր արտագնա համերգներից
Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի
Դառնալով կուսակցական և մտնելով խորհրդարան՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը նախապես հրաժարվել էր արտասահմանյան համերգային ծրագրերից: Այս մասին Tert.am –ին հայտնեց Շուշան Պետրոսյանը և հավելեց.«Ես լավ գիտակցում եմ՝ ուր եմ եկել և ինչու եմ եկել: Ես մայիսին արդեն հրաժարվել եմ Հարավային Ամերիկայի հյուրախաղերից: Ուղղակի ապշած եմ, թե որտեղից են նման բաներ հորինում»:
Հիշեցնենք, որ այսօրվա «Երկիրը» տեղեկացրել էր, որ ըստ ՀՀԿ ներքին հաշվարկի՝ իրենց պատգամավորների մեկ երրորդը բացակայող են, այդ իսկ պատճառով առանձին զրույցներ են տարվել մի շարք պատգամավորների`այդ թվում Շուշան Պետրոսյանի հետ, ում բացատրվել է, որ պետք է մոռանա երկարատև համերգային շրջագայությունների մասին:
Շուշան Պետրոսյանն, ինչպես հայտնի է, ընդգրկվել է ԱԺ կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձաժողովում, և հարցին, թե ինչ օրենսդրական նախաձեռնություններով է պատրաստվում հանդես գալ, երգչուհին ասաց, որ գաղափարներ կան, սակայն առայժմ դրանց մասին չի ցանկանում խոսել: Իսկ առայժմ օրենսդրական համատեղ աշխատանք ծավալելու համար աշխատանքային կապեր է հաստատել երկու խորհրդարանականների հետ:









