Հարավային Կովկասի «սև անցքը». Независимая Газета
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Էյմոն Գիլմորի` Հարավային Կովկաս այցը (հունիսի 11-14) չնվազեցրեց Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում լարվածությունը:
«Փոխհրաձգությունները շարունակվեցին նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Երևանում ու Բաքվում Գիլմորը խոսեց բռնության անթույլատրելիության մասին: Սակայն այս երկրներից ստացվող հաղորդագրությունների համաձայն` ասվածն այդքան էլ արդյունք չտվեց»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն` հավելելով, որ այժմ հույսը կապված է հունիսի 18-ին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
«Գիլմորը հակամարտող կողմերին խաղաղության մասին խելոք բաներ էր ասում: Սակայն այս մասին կողմերն առաջին անգամ չէ, որ լսում են»,- գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը` հավելելով, որ փակուղային իրավիճակում, որում հայտնվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, կողմերն արդեն մեղադրում են միջնորդներին:
«Բաքուն դա վաղուց է անում` մեղադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբին անգործության մեջ, և պարբերաբար խոսում բանակցային ձևաչափն ու միջնորդներին փոխարինելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանի իշխանությունները գտնում են, որ ստատուս քվոն, որին նպաստում է Մինսկի խումբը, անթույլատրելի է»,- գրում է թերթը` հավելելով, որ Երևանի համար սա, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե ընդունելի է ավելի շատ, քան Բաքվի համար:
Սակայն, ըստ թերթի, Գիլմորի` Երևանում արված հայտարարությունը հարցեր է առաջացնում նաև հայկական կողմի մոտ:
«Երևանը չի թաքցնում հիասթափությունը, քանի որ Բաքվի օդանավակայանում Գիլմորը հայտարարեց, որ մտադիր չէ այցելել չճանաչված Լեռնային Ղարաբաղ: Մյուս հարցն այդքան ԵԱՀԿ-ին չէ ուղղված, որքան միջազգային դերակատարներին»,- գրում է հոդվածագիրը:
Մասնավորապես, ըստ նրա, հայկական կողմին չի կարող չանհանգստացնել «բոլորի աչքի առջև ծավալվող ադրբեջանա- իսրայելական ռազմական համագործակցության ամրապնդումը, որի շրջանակում Ադրբեջանը ձեռք է բերել մոտ 2 մլրդ դոլարի սպառազինություն. ինչու՞ է Արևմուտքը համառորեն անվանում «ստիպված քայլ` Իրանի շուրջ լարվածության ֆոնին», չնայած, որ Բաքուն պարբերաբար կրկնում է, որ Ադրբեջանը երբեք «հակաիրանական կոալիցիայի անդամ չի դառնա»:
«Ակնհայտորեն ցանկանալով ինչ-որ ձևով հավասարեցնել հարաբերությունները` Թել Ավիվն անսպասելիորեն փոխեց Հայոց ցեղասպանության հանդեպ դիրքորոշումը»,- գրում է թերթը` հիշեցնելով, որ օրերս Կնեսեթում կայացան ցեղասպանության մասին լսումներ, իսկ խորհրդարանական 7 խմբակցություն կողմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ըստ թերթի` սա «կանաչ լույս» վառեց Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին, սակայն այս քայլով Իսրայելն ավելի շատ ցանկանում է «նեղել» Թուրքիային:
Անդրկովկասում լարվածությունը չի կարող աննկատ մնալ նաև պաշտոնական Մոսկվայի կողմից: Թերթը հիշեցնում է, որ Բաքվի ու Թել Ավիվի միջև խոշոր ռազմական գործարքին զուգահեռ, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց ադրբեջանական միրգ ու բանջարեղեի ներկրման արգելքի նախազգուշացման մասին»,- գրում է հոդվածագիրը` հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Իրանը` «թաքնված» դաշնակիցը:
«Եվ այն, որ Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան ինտենսիվացրել է կրակային զորավարժությունները և զգալիորեն ավելացրել օդաչուների թռիչքային ժամերը, շփման գծում լարվածության ֆոնին պատահական լինել չեն կարող»,- եզրափակում է հոդվածագիրը:









