Եվրո-2012. Իսպանիան 4:0 հաշվով ջախջախեց Իռլանդիային (տեսանյութ)

00:40 • 15.06.12

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրն ավարտվեց նաև C խմբի հավաքականների համար:

 

Արդեն տեղեկացրել էինք Իտալիա-Խորվաթիա հանդիպման վերաբերյալ: Իսկ խմբի մյուս խաղում ուժերը չափեցին Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի և մեզ քաջածանոթ Իռլանդիայի ընտրանիները:

Գրեթե ոչ ոք կասկած չուներ, որ իսպանացիները կհաղթեն մրցակցին: Աշխարհի չեմպիոնները հաղթեցին իռլանդացիներին և, կարելի է ասել, գրեթե առանց մեծ ջանքերի:

Արդեն հանդիպման 4-րդ րոպեին Ֆեռնանդո Տորրեսը «վարձահատույց» եղավ Դել Բոսկեին' խաղադաշտում մեկնարկային րոպեներից հայտնվելու համար: Նոր էր սկսվել 2-րդ կեսը, երբ մրցակցի տուգանային հրապարակում գերազանց կողմնորոշվեց Դավիդ Սիլվան և հաշվենկատ հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Իսկ 70-րդ րոպեին Ֆեռնանդո Տորրեսը հրաշալի օգտագործեց իր հերթական հնարավորությունը և դարձավ դուբլի հեղինակ: Իսկ հանդիպման ահշիվը վերջնական տեսքի բերեց հենց Տորրեսին փոխարինած Սեսկ Ֆաբրեգասը:

 

Իսպանիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով եւ միավորների քանակով հավասարվեց Խորվաթիայի ընտրանուն:

 


ԻՍՊԱՆԻԱ - ԻՌԼԱՆԴԻԱ` 4:0

1:0 - Ֆեռնանդո Տորրես (4'), 2:0 - Դավիդ Սիլվա (49'), 3:0 - Ֆեռնանդո Տորրես (70'), 4:0 - Սեսկ Ֆաբրեգաս (83'):

 

Իսպանիա. Կասիլյաս, Արբելոա, Պիկե, Սերխիո Ռամոս, Ալբա, Չավի, Բուսկետս, Խաբի Ալոնսո (Մարտինես, 65'), Դավիդ Սիլվա, Տորրես (Ֆաբրեգաս, 74'), Ինյեստա (Կասորլա, 79'):

Իռլանդիա. Գիվեն, Օ'Շի, Սենտ-Լեջեր, Դանն, Ուորդ, Դաֆֆ (ՄաքՔլին, 76'), Ուիլան (Գրին, 80'), Էնդրյուս, ՄաքԳիդի, Կոքս (Ուոլտերս, 46'), Ռոբբի Քին: