Հաշմանդամ անչափահասը դպրոցի ավարտական օրը կարողացել է ոտքի կանգնել (տեսանյութ)

14:29 • 15.06.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի բնակիչ 17-ամյա Պատրիկ Իվիսոնը, ով 1 տարեկանից գամված է հաշմանդամի սայլակին, դպրոցի ավարտական հանդիսության օրը կարողացել է ոտքի կանգնել ու կանգնած վիճակում ստանալ իր դիպլոմը, տեղեկացնում է «Էյ Բի Սի»-ն:

 

Տղայի մոր խոսքերով` 1 տարեկանում զբոսանքի ժամանակ Պատրիկը վրաերթի է ենթարկվել: Բժիշկների հավաստմամբ` ստացված վնասվածքներից հետո Պատրիկն ընդմիշտ զրկվել էր քայլելու հնարավորությունից: Սակայն մի քանի տարի առաջ, երիտասարդն իր առաջ բավական հավակնոտ խնդիր է դրել: Նա շատ հստակ որոշել է, որ դիպլոմը ստանալու պահին ինքն անձամբ կքայլի դեպի բեմահարթակ:

 

2009թ-ից Պատրիկն օրական 6 ժամ ինտենսիվ ֆիզիկական թերապիա է անցել: Թեև սկզբնական շրջանում ամեն ինչ անհուսալի է թվացել, այդուհանդերձ, դպրոցականը որոշել է ոտքերի մկանների վրա լրջորեն աշխատել:

 

«Չեմ կարողանում հավատալ, որ ինձ հաջողվեց իրականացնել երազանքս, սա կյանքիս ամենաերջանիկ օրն է»,- ասել է Պատրիկը:

 

Դիպլոմի հանձնման պահին, բոլոր շրջանավարտները ոտնկայս ծափահարել են Պատրիկին: