ՄԱԿ-ի դիտորդները վերջապես մտել են Սիրիայի Ալ-Խաֆֆա և դատարկված ու թալանված քաղաք են տեսել
ՄԱԿ-ի դիտորդները Սիրիայում վերջապես կարողացել են հասնել Ալ-Խաֆֆա քաղաք, որտեղ նախորդ շաբաթվանից ծանր մարտեր են ընթանում, և խաղաղ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ բազմաթիվ լուրեր էին ստացվում: Հասնելով տեղ՝ դիտորդները հայտնաբերել են դատարկված քաղաք, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով այսօր դիտորդական առաքելության հրապարակած հայտարարությանը:
«Քաղաքը դատարկված էր: Պետական հիմնարկների մեծ մասը, ներառյալ փոստը, ներսից այրված են», - ասվում է առաքելության հայտարարության մեջ:
Դիտորդները տեսել են այրած պահոցներ, թալանված և այրված խանութներ, թալանված բնակելի տներ:
Ալ-Խաֆֆա քաղաքի բաասիստական գրասենյակը, նախնական տեղազննության համաձայն, ենթարկվել է հրետակոծման և եղել է թեժ մարտերի կիզակետում: Քաղաքում երևում են տարբեր տրամաչափի հրետանային համակարգերի մնացորդներ, քաղաքացիական և ռազմական նշանակության ավտոմեքենաների այրված մնացորդներ:
«Օդում այրված մարմինների սարսափելի հոտ է տարածված, իսկ քաղաքի որոշ շրջաններում մարտերը դեռ շարունակվում են», - նշված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ դիտորդները դեռ չեն կարողանում ճշտել զոհվածների ճշգրիտ քանակը:
Դիտորդները փորձում էին հասնել Ալ-Խաֆֆա քաղաք հունիսի 7-ից սկսած, սակայն դա չէր ստացվում կատաղած ամբոխի կողմից ճանապարհները արգելափակելու, շարասյունը գնդակոծելու, ինչպես նաև զինվորականների արգելքների պատճառով:









