ՏՏ ոլորտի նախարարության ստեղծման հարցը դեռ կքննարկենք մեր գործընկերների հետ. ՀՀ վարչապետ
Նորագույն տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նոր նախարարության ստեղծման հարցը դեռ պետք է քննարկվի ոլորտի մասնագետների հետ:
Այս մասին այսօր «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ժամանակ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե, արդյո՞ք, կբացվի ՏՏ ոլորտի խնդիրները համակարգող նոր նախարարություն:
«Նախարարության հարցը դեռ կքննարկենք առաջիկայում՝ մեր գործընկերների հետ: Կան և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ: Ընդհանրապես, երևի թե մենք պետք է մտածենք ոչ թե բազմաթիվ նոր նախարարություններ բացելու մասին, այլ մեր նախարարությունների օպտիմիզացիայի մասին, և այդ տեսակետից մեր գործընկերների առաջարկը կքննարկենք՝ նայելով ապագային»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական տարբեր շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում ՏՏ ոլորտը համակարգող նախարարություն ստեղծելու մասին:
Մայիսի 25-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 250 ընկերություններ «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էին ինովացիոն նախարարություն ստեղծելու առաջարկության շուրջ իրականացված աշխատանքները:
Նշենք նաև, որ նոր նախարարություն ստեղծելու գաղափարը միանշանակորեն չի ընդունվում ոլորտի մասնագետների կողմից. կան և կողմ, և դեմ անձինք:









