Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում զբաղվածության թիվը հավասար է հանքահումքային ոլորտի զբաղվածության թվին. վարչապետ (լուսանկարներ)
Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների թիվը հավասար է հանքահումքային արդյունաբերության ոլորտում աշխատողների թվին. այս մասին այսօր «ԴիջիԹեք թեքնոլոջի- 2012» բիզնես ֆորումի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այս ավանդական ֆորումը նորագույն տեխնոլոգիների ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում, քանի որ մի վայրում հանդիպում են ոլորտի գիտակաները և ներկայացնում նախ՝ հաշվետվություն, ապա կատարում են փորձի փոխանակում»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նաև նկատեց, որ Հայաստանում տնտեսության զարգացումն իր բնականոն հունով է ընթանում, և որ Հայաստանը տարածաշրջանում այլ ելք չունի, քան ստեղծել մի տնտեսություն, որի հիմքը կլինի գիտելիքը, ասել է թե՝ գիտելիքահեն տնտեսություն:
«Հայաստանը, ըստ համաշխարհային բանկի զեկույցի, ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել կայունացված և ավելի բարձր դիմադրողականությամբ: Սա վկայում է այն մասին, որ մենք մեր գիտելիքի հիման վրա կարողանում ենք դիմադրել համաշխարհային ռիսկերին»,- նկատեց Տիգրան Սարգսյան:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս է զգացվում, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություններից դուրս եկող կադրերը դեռ չեն բավականցնում տեղական շուկային:
«Մեր առջև դրվող միակ պայմանը կադրերի պատրաստումն է: Այս պահի դրությամբ դեռ չեն բավականացնում այն կադրերը, որոնք տրամադրում են բարձրագույն ուսումնական հաստատությունները: 20-30% պահանջվող կադրերի պակաս կա»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նշենք, որ բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության զարգացմանը՝ թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
Այս տարի «ԴիջիԹեք թեքնոլոջի-2012» բիզնես ֆորումի շրջանակներում գրանցվել է մասնակից կազմակերպությունների մոտ 48% աճ: Եթե 2011թ.-ին ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպություններ, ապա այս տարի` 59-ը, որից 38-ը տեղական, իսկ 21-ը՝ արտասահմանյան ընկերություններ:
Լուսանկարները՝ Panarmenian Photo-ի









